Գյումրիու «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի պաշտոնական բացում

Գյումրիում պաշտոնապես բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն: 

Գյումրու «Ընտանիքի անկյուն»-ը կծառայի որպես հարթակ երիտասարդ կանանց ու տղամարդկանց համար, որտեղ կանցկացվեն թեմատիկ հանդիպումներ, դասընթացներ եւ միջոցառումներ՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, «ՄԱԿ Կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Մադլեն Սանդսթրոեմը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի թիմի անդամներն ու պետական, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես եկավ տեսաուղերձով, որում կարևորեց Գյումրիում բացված առաջին «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի ստեղծումը։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը և Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, կարևորելով կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը, նշեց, որ թեպետ վերջին տարիներին Հայաստանում հայրերի՝ երեխայի խնամքում ավելի մեծ ներգրավվածության միտում կա, սակայն իրականությունը դեռ հեռու է բավարար լինելուց, եւ անելիք դեռ շատ կա։

Անդրադառնալով «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի ստեղծման նպատակներին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանն ասաց, որ կենտրոնի թիմը լիահույս է, որ «Ընտանիքի անկյունը» լինելու է ապահով և հարմարավետ հարթակ ինչպես երիտասարդ կանանց և տղամարդկանց, այնպես էլ Գյումրիում գործող պետական ու հասարակական կառույցների կողմից տարբեր նախաձեռնություների և միջոցառումների անցկացման համար։

«Ընտանիքի անկյուն»-ը հիմնադրվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ «ՄԱԿ Կանայք»-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

Ընտանիքի անկյուն ռեսուրսային կենտրոններ կբացվեն նաև Լոռու և Տավուշի մարզերում։

Ռեսուրսային կենտրոնում այս տարվա փետրվար-ապրիլ ամիսներին Վորլդ Վիժն Հայաստանի և ԵՆԿ ՀԿ-ի հետ համագործակցությամբ արդեն իսկ իրականացվել է «Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարման երկամսյա դասընթացը, որին մասնակցել են Շիրակի մարզի 18 մասնակիցներ՝ երիտասարդ տղաներ և աղջիկներ, կանայք և տղամարդիկ:

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» տարածաշրջանային եռամյա ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Հայաստանում ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ Եվրամիության թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։