ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու «Աշխատունակության ամառային դպրոցի», որի շրջանակներում հինգ օրերի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի գործնական գիտելիքներ ստանալ հետևյալ թեմաներից․
- Առաջնորդություն և թիմային աշխատանք,
- Կոնֆլիկտների հաղթահարում և բանակցությունների վարում,
- Մեդիագրագիտություն,
- Մասնագիտական կողմնորոշում, աշխատաշուկա և զբաղվածություն,
- Աշխատանքային հարցազրույցի պատրաստում:
Ամառային դպրոցի ընդհանուր նպատակն է ուսանողներին, նորավարտ մասնագետներին և աշխատանք փնտրող բոլոր երիտասարդներին տրամադրել գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնք նրանց առավել մրցունակ կդարձնեն աշխատաշուկայում։
Ամառային դպրոցին կարող են մասնակցել 16 տարին լրացած երիտասարդներ` անկախ նրանց հինական զբաղմունքից և թեմաների վերաբերյալ նախնական գիտելիքներից, ովքեր ունեն ցանկություն շարունակելու իրենց կրթությունը և ունեն մտադրություն մոտ ապագայում դիմել աշխատանքի։
Մասնակցության համար անհրաժեշտ է վճարել ամառային դպրոցի իրական արժեքի միայն մի մասը՝ 6000 դրամ։
Ամառային դպրոցը տեղի է ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում՝ Վ. Սարգսյան 20 հասցեում։ Յուրաքանչյուր օրվա ծանրաբեռնվածությունը 4 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:
Ամառային դպրոցն անցկացնելու են Հայաստանում երիտասարդական ոլորտի առաջատար փորձագետներ Աննա Եղոյանը, Արթուր Նաջարյանը, Կարեն Տերտերյանը, Ամալյա Ադամյանը և Էսմարիդա Պողոսյանը:
Ամառային դպրոցի մասնակցության տեղերը սահմանափակ են, ընտրվելու են առաջին պահանջներին բավարարող 20 հայտադիմումները: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտը:
Գրանցման հայտը լրացնելու վերջնաժամկետն է հունիսի 30-ը:
Վերջնաժամկետից հետո կապ կհաստատվի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձանց հետ։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ՝ Սյուզաննա Սեկեպյանին (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել syuzanna.sekepyan@yic.am էլ-հասցեին: