ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է հետազոտական ծառայությունների ձեռքբերման մրցույթ։
Տեխնիկական առաջադրանք
Covid-19-ի պայմաններում երիտասարդների հոգեկան առողջության
վերաբերյալ ազգային հետազոտության
Մրցույթի հավակնորդներ՝ Հետազոտական կազմակերպություններ
Հետազոտության ծածկույթ՝ Ազգային (ՀՀ բոլոր մարզեր և մայրաքաղաք)
Առաջադրանքի տևողություն՝ 2,5 ամիս
Մեկնարկի ամսաթիվ՝ 01.10.2020թ.
Ա. Ընդհանուր նկարագիր
Հետազոտությունն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Գյուրմրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում։
COVID-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարման պահից (մարտ, 2020) ի վեր առավել ակնհայտ է դարձել երիտասարդների հոգեկան առողջության հիմնահարցերի կարևորությունը և դրանց վերաբերյալ փաստահեն միջամտությունների անհրաժեշտությունը: Վերջին վեց ամիսների ընթացքում երիտասարդները առերեսվում են մի շարք դժվարությունների հետ․
- արտակարգ դրության ռեժիմ և դրա հետևանքով առաջացած օրվա կազմակերպման և կյանքի փոփոխություններ,
- անցում հեռավար կրթություն,
- սոցիալական կապերի սահմանափակում,
- վարակի սպառնալիք սեփական անձի, հարազատների ու ընկերների նկատմամբ:
Այս իրավիճակում հնարավոր են հոգեկան առողջության խաթարումներ՝ թե՛ ամբողջ ազգաբնակչության և թե՛ մասնավորապես երիտասարդների շրջանում, ովքեր առավել զգայուն են փոփոխությունների նկատմամբ և առավել խոցելին են տվյալ իրավիճակում։ Հոգեկան առողջության վնասները նվազեցնելու, ինչպես նաև այդ վնասներին արձագանքելու համար անհրաժեշտ է հետազոտել ներկա իրավիճակը։
Բ. Հետազոտության շրջանակը
- Նպատակը
Հետազոտության նպատակն է վեր հանել հոգեկան առողջության խնդիրները, որոնք պայմանավորված են Covid-19-ի հետևանքներով՝ ի նպաստ դեռահասների և երիտասարդների բարեկեցության և բնականոն զարգացման։
Հետազոտությունը հնարավորություն կտա մշակել բազմամակարդակ առաջարկներ, ուղղված առաջացած խնդիրների լուծմանը, մասնավորապես՝
- Նախագծել մասնագիտական միջամտություններ երիտասարդների համար՝ հաղթահարելու հոգեբանական և հոգեկան խնդիրները, նվազեցնելու բռնություններն ընտանիքում և ընտանիքից դուրս՝ հասակակիցների շրջանում,
- Ուրվագծել ռազմավարական նշանակության ծրագրերի շրջանակ՝ դրանց վրա հրավիրելով միջազգային զարգացման գործընկերների և տեղական հասարակական կազմակերպությունների ուշադրությունը,
- Հոգեկան առողջության և երիտասարդական քաղաքականության ու հարակից ոլորտներում ոլորտային քաղաքականությունները բարելավելու նպատակով մշակել հանրային քաղաքականության առաջարկներ՝ պետական, մարզային և համայնքային մակարդակներում,
- Վեր հանել հետագա ուսումնասիրությունների շրջանակ:
- Թիրախային խումբը
Որպես հետազատության թիրախային խումբ առանձնացվել է՝ 16-ից 24 տարեկան երիտասարդների տարիքային խումբը։
Թեև ավագ երիտասարդության տարիքը` 25-ից 30-ը ևս ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես երիտասարդության տարիք, այն չի ընդգրկվելու սույն հետազոտության շրջանակ (ՀՀ օրենսդրությամբ երիտասարդության տարիք է սահմանվում 16-30 տարեկանը):
Երիտասարդության տարիքային խմբի համընդհանուր համաձայնեցված միջազգային սահմանում գոյություն չունի: Վիճակագրական նպատակներով, սակայն, ՄԱԿ-ը երիտասարդության տարիք է սահմանում 15-ից 24 տարեկանը:
16-ից 19 տարեկան երիտասարդները գտնվում են պատանեկությունից երիտասարդություն անցման ֆիզիոլոգիական և հոգեբանական լուրջ տրանֆորմացիայի փուլում, որին բնորոշ է սեռահասունացման ավարտը, ինքնության ակտիվ ձևավորումը, նախնական մասնագիտական ինքնորոշումը, իսկ 19-ից 24 տարեկան երիտասարդները ապրում են պատանեկության վերջնական ավարտի և երիտասարդության սկզբնական փուլերի դժվարությունները, երբ անցումը չափահաս կյանքի ենթադրում է բավականին խոցելի և զգայուն գործընթաց, քանի որ կենսափորձի պակասը ստեղծում է խոչընդոտներ։ Այս ժամանակահատվածում հիմնական կողմնորոշումը դառնում է ինքնուրույն կյանքի սկիզբը, վաստակելը և ամբողջությամբ միտված է դեպի ապագան ու սոցիալական հարաբերությունները, ինքնուրույն որոշումների կայացումը և չափահասի կենսակերպը։ Այստեղ պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ՝ մասնագիտության ընտրությունը, կրթության ավարտը, մասնագիտական գործունեության մեկնարկը, փորձի բացակայության պայմաններում աշխատանք գտնելու մեծ դժվարությունները, ինքնուրույն կյանքի անցնելու մշակույթով պայմանավորված սահմանափակումները, կախվածությունը ծնողներից, զինված ուժերի ծառայության մեկնարկն ու ավարտը, և չափահաս (հասուն) կյանքի անցնելու այլ դժվարություններ։ Վերոնշյալ խնդիրներն առավել նկատելի և ցայտուն են արտահայտվում հաշմանդամություն ունեցող երիտասարդների մոտ, ովքեր կյանքի տարբեր փուլերում բախվում են տարատեսակ խնդիրների:
- Հետազոտության առարկա
Հետազոտության շրջանակը պետք է ներառի հոգեկան առողջության որոշիչներից հետևյալները.
- Հուզական խանգարումներ՝ համավարակից առաջ և հետո.
- Դեպրեսիա,
- Տագնապներ,
- Գրգռվածություն (ֆրուստրացիա), հիասթափություն, կատաղություն (զայրույթ):
- Վարքային խանգարումներ՝ համավարակից առաջ և հետո.
- Ուշադրության պակաս և գերակտիվություն (ADHD),
- Հակասոցիալական վարք (դելինկվենտ վարք և կոնֆլիկտ օրենքի հետ):
- Ինքնասպանություն և ինքնավնասում՝ համավարակից առաջ և հետո.
- Ինքնասպանության մտքեր,
- Ինքնասպանության փորձ,
- Ինքնավնասումներ:
- Ռիսկային վարք՝ համավարակից առաջ և հետո.
- Վնասակար նյութերի չարաշահում (ալկոհոլ, թմրանյութեր, ծխախոտ, այլ),
- Ռիսկային սեռական վարքագիծ,
- Բռնության կիրառում (ընտանիքում, միջավայրում՝ հասակակիցների շրջանում):
Հետազոտության մեջ կարևորվել են հոգեկան առողջության այն խնդիրները, որոնց առաջացումը, սուր արտահայտումը առավելագույնս է պայմանավորված Covid-19-ով և վերջինիս պատճառով առաջացած բազմաշերտ հետևանքներով։
- Մեթոդաբանական պահանջներ
- Ուսումնասիրել Հայաստանում երիտասարդների հոգեկան առողջությանը վերաբերող առկա պետական ծրագրերը, ոլորտային տվյալներն ու փաստաթղթերը,
- Իրականացնել թիրախային խմբի վստահելի ընտրանքի խորքային թեմատիկ քանակական հարցում (ընտրանքը անելիս ապահովել ազգային և ներկայացուցչական ծածկույթ),
- Անցկացնել որակական խորքային հարցազրույցներ հոգեկան առողջության և երիտասարդների հետ աշխատանքի ոլորտների փորձագետների և կառույցների ներկայացուցիչների հետ,
- Ապահովել հետազոտության ներառականությունը և հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնակցությունը
- Ապահովել հետազոտության՝ էթիկայի նորմերի համապատասխանությունը, այդ թվում տվյալների անվտանգ մշակում, մաքրում և պահպանում,
- Իրականացնել տվյալների վերլուծություն և դրանց արդյունքների հիման վրա գեներացնել նախնական եզրակացություններ,
- Ծրագրի փորձագետների հետ համագործակցությամբ մշակել բազմամակարդակ առաջարկներ,
- Մշակել վերջնական հայերեն զեկույց:
Ծառայություն տրամադրողը աշխատելու է պատվիրատուի ծրագրի ղեկավարի անմիջական ղեկավարման ներքո՝ ապահովելով ակնկալվող արդյունքների իրականացումը պատշաճ որակով և ժամանակին: Ծրագրի ղեկավարի կողմից հետազոտական գործընթաց են ներգրավվելու նաև պատվիրատուի կողմից հրավիրված ոլորտային փորձագետները:
Գ. Ակնալվող արդյունքներ և ժամկետներ
- Հետազոտության մեթոդաբանության ներկայացում պատվիրատուի հաստատմանը՝ պայմանագրի ստորագրումից 10 աշխատանքային օրվա ընթացքում,
- Հետազոտական զեկույցի նախնական տարբերակի ներկայացում պատվիրատուին՝ պայմանագրի ստորագրումից 40 աշխատանքային օրվա ընթացքում,
- Պատվիրատուի և ծրագրի փորձագետների դիտարկումների և եզրակացությունների հիման վրա մշակված առաջարկությունների ներառում վերլուծական զեկույցի վերջնական տարբերակ՝ զեկույցի նախնական տարբերակի ներկայացումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում,
- Վերլուծական զեկույցի պատրաստում և հանձնում նախատպագրական աշխատանքերի (խմբագրման և ձևավորման)՝ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը,
- Տվյալների վերջնական շտեմարանների պատճենի տրամադրում պատվիրատուին՝ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը:
Առաջադրանքի ընդհանուր տևողությունն է 2,5 ամիս՝ 2020թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը, ընդհանուր հաշվարկով 50 աշխատանքային օր:
Հետազոտության զեկույցի հեղինակային իրավունքը պատկանելու է պատվիրատուին: Այն չի կարող հրապարակվել առանց պատվիրատուի համաձայնության:
Դ. Կազմակերպություններին ներկայացվող պահանջները
- Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող իրավաբանական անձ՝ ծրագրին առնչվող առաքելությամբ և նպատակներով,
- Առնվազն 3 տարվա հետազոտական աշխատանքների փորձ,
- Հոգեկան առողջության, առողջապահության և/կամ երիտասարդական քաղաքականության ոլորտներում անցկացված հետազոտություններ,
- Բարձր մասնագիտական էթիկա,
- Ճկունություն և հարգանք՝ բազմակարծության նկատմամբ,
- Հանձնառած պարտավորությունների որակյալ և ժամանակին կատարման ունակություն
- Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Ե. Վճարումը
Վճարումը կկատարվի մեկ փոխանցմամբ՝ ծառայությունը ամբողջ ծավալով պատվիրատուին հաձնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Առանձին արդարացված դեպքերում հնարավոր է մինչև 50% կանխավճարի վճարում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Զ. Դիմելու կարգը
Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է yic@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն.
- Տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան առաջարկ (Concept note)՝ հայերենով,
- Ոլորտային հետազոտությունների օրինակների հղումներ,
- Երկու երաշխավորի կոնտակտային տվյալներ, ովքեր պետք է լինեն նախկինում իրականացված հետազոտությունների պատվիրատուների ներկայացուցիչներ,
- Հետազոտական թիմի ղեկավարի (գլխավոր հետազոտողի) CV-ն:
Կդիտարկվեն միայն բոլոր պահանջներին համապատասխանող հավակնորդ կազմակերպությունների դիմումները:
Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց-հանդիպում՝ տեսազանգի միջոցով:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. սեպտեմբերի 28-ը, ժամը 18:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանի հետ՝ զանգահարելով +37477477382 հեռախոսահամարին կամ գրելով yic@yic.am էլեկտրոնային հասցեին: