Cities of YOUth միջազգային դասընթաց Գյումրիում
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով վրացական «Դրոնի» երիտասարդական ասոցիացիայի, ուկրաինական «Եվրոպական նախաձեռնությունների կենտրոն», չեխական «Գլոբ» և խորվաթական «ԼԱԳ Վալլիս Կոլապիս» հասարակական կազմակերպությունների հետ, հյուրընկալում է երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացման միջազգային դասընթաց Գյումրիում՝ 2020 թվականի փետրվարի 14-21-ը: Դասընթացին մասնակացում են ընդհանուր թվով 20 երիտասարդական աշխատողներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Չեխիայից և Խորվաթիայից:
7-օրյա միջազգային դասընթացն իրականացվում է «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի աջակցությամբ:
Դասընթացի նպատակն է երիտասարդական աշխատողներին զինել համապատասխան հմտություններով և գիտելիքներով՝ օգնելու գործազուրկ երիտասարդներին աշխատաշուկա դուրս գալու և նրանց ձեռնարկատիրական ներուժն ու հմտությունները զարգացնելու համար: Դասընթացի խնդիրներն են՝
🔸Բարձրացնել երիտասարդական աշխատողների կարողությունները՝ ավելի լավ լուծելու երիտասարդության գործազրկության խնդիրները և բարձրացնելու երիտասարդների աշխատունակությունն ու ձեռնարկատիրական զարգացումը՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն, աջակցություն և ուսուցման հնարավորություններ:
🔸Տրամադրել հարթակ՝ բացահայտելու Եվրոպայում գործազրկության իրավիճակն ու ռազմավարությունները, ինչպես նաև կիսվելու երիտասարդների աշխատունակության և ձեռնարկատիրական զարգացման առկա հնարավորություններով:
🔸Այցելել Հայաստանում տարբեր պետական և հասարակական հաստատություններ՝ ծանոթանալու միջոլորտային համագործակցության հնարավորություններին և պետական ու ոչ-պետական մոդելներին, որոնք նպաստում են երիտասարդների գործազրկության կրճատմանը: Երիտասարդական աշխատողների համար ձևավորել միջավայր՝ երիտասարդների աշխատունակության և ձեռնարկատիրության ոլորտներում լավագույն պրակտիկաների փոխանակման համար, որոնք կապված են տեղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացման հետ: