ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Հայ-վրացական երիտասարդական հավաք» ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Ապարան համայնքում՝ ս․թ․ հուլիսի 9-11-ը։
ՆՊԱՏԱԿԸ. ամրապնդել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ միջմշակութային փոխանակման, առաջնորդության հմտությունների և երիտասարդների քաղաքացիական մասնակցության բարձրացմանն ուղղված երիտասարդական եռօրյա հավաքի միջոցով։
ԽՆԴԻՐՆԵՐԸ.
- Ստեղծել միջմշակութային փոխանակման, երկխոսության, կարողությունների զարգացման և համագործակցության հարթակ երկու երկրների երիտասարդների և ոլորտային ներկայացուցիչների համար,
- Խթանել երիտասարդների համայնքային ներգրավվածությունը և մասնակցությունը տարածաշրջանային նշանակության երիտասարդական, սոցիալ-կրթական, մշակութային գործընթացներին՝ ոչ ֆորմալ կրթական աշխատարանների և խմբային քննարկումների միջոցով,
- Բարձրացնել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների ոլորտային ներկայացուցիչների իրազեկվածությունը երկու երկրների մշակույթների և առանձնահատկությունների վերաբերյալ՝ եռօրյա հավաքի ընթացքում միջմշակութային երեկոյի կազմակերպման և Հայաստանի պատմամշակութային վայրեր այցելությունների միջոցով,
- Ամրապնդել երիտասարդական քաղաքականության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը՝ երիտասարդության ոլորտի պետական և հասարակական կազմակերպությունների/քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների ու երիտասարդների մասնակցությամբ պանելային քննարկման միջոցով:
Ծրագիրը ներառում է ոչ-ֆորմալ կրթական աշխատարաններ և խմբային քննարկումներ, ինտերակտիվ վարժանքներ, միջմշակութային երեկո, Հայաստանի պատմամշակութային վայրեր այցելություններ, Հայաստանի ու Վրաստանի երիտասարդության ոլորտի պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների հետ պանելային քննարկում:
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ․
Յուրաքանչյուր երկրի թիմ բաղկացած է լինելու 18 երիտասարդ մասնակցից (16-20 տարեկան), 3 թիմի առաջնորդներից (21-35 տարեկան) և պատվիրակությունների մեկական ղեկավարներից։
Հայաստանի մասնակիցներն ընդգրկվելու են տարբեր երիտասարդական կենտրոններից, մասնավորապես՝
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ապարան, Արարատ, Ախուրյան, Ծովագյուղ, Իջևան, Դիլիջան, Կապան և Մեղրի համայնքներում հիմնված երիտասարդական կենտրոնները,
- Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից գործարկվող «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնները Գյումրի, Արթիկ, Գավառ, Արմավիր և Էջմիածին համայնքներում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՎ ԹԻՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ․
- 16-20 տարեկան ակտիվ երիտասարդներ վերոնշյալ համայնքային երիտասարդական կենտրոններից, ովքեր 2024-2025 թթ․ ընթացքում ցուցաբերել են ակտիվություն, ունեն բարձր հաճախելիություն, մասնակցել կամ հանդես են եկել նախաձեռնություններով,
- 21-35 տարեկան ակտիվ և փորձառու երիտասարդական աշխատողներ, կամավորներ և երիտասարդական աշխատանք իրականացնող մասնագետներ վերոնշյալ համայնքային երիտասարդական կենտրոններից։ Նախկինում ունեցած միջազգային փորձը կդիտվի որպես առավելություն։
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ անգլերենն է և երիտասարդ մասնակիցներից պահանջվում է լեզվի առնվազն միջին մակարդակի իմացություն։ Թիմի առաջնորդներից պահանջվում է անգլերենի գերազանց իմացություն։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են մասնակիցների տեղափոխության, կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Ծրագրի մասնակցությունն անվճար է։
ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ․
- Երիտասարադները ծրագրին կարող են դիմել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը։
- Թիմի առաջնորդները ծրագրին կարող են դիմել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը։
Ընտրված մասնակիցները արդյունքների մասին կտեղեկանան էլեկտրոնային նամակով։
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ հունիսի 19-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին՝ mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերից):