ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Պատվիրատուն՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Պատվիրատու), որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով։

Սույն հրավերը կազմվել է «Հայաստանում երիտասարդական աշխատանքի էկոհամակարգի հզորացում» (“Strengthening the Youth Work Ecosystem in Armenia”) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում և սահմանում է գնման առարկան, մասնակցության պայմանները, հայտերի ներկայացման և գնահատման կարգը, հաղթողի որոշման ու պայմանագրի կնքման պայմանները։

Ընթացակարգին կարող են մասնակցել Կոտայքի մարզում հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները (այսուհետ՝ Հայտատու)։

Ծրագիրն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
_____________________________________

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Հյուրանոցային ծառայություններն անհրաժեշտ են Ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդական աշխատողների վերապատրաստման» համար։

Հյուրանոցային ծառայությունների պահանջվող ժամանակահատվածները՝

  • 2026 թ․ սեպտեմբերի 22 — 26-ը՝ 4 գիշեր
  • 2026 թ․ հոկտեմբերի 20 — 24-ը՝ 4 գիշեր
  • 2026 թ․ նոյեմբերի 18 — 21-ը՝ 3 գիշեր

Մասնակիցների ընդհանուր քանակը՝ 28 (25 մասնակից և անձնակազմի 3 անդամ)։

  1. ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Գնման առարկան Հավելված 1-ում ներկայացված հյուրանոցային ծառայությունների ձեռքբերումն է։

  1. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

2.1. Հայտատուն պետք է լրացնի Հավելված 1-ը՝ ներկայացնելով կազմակերպության տվյալները և ֆինանսական առաջարկը։

2.2. Լրացված, հաստատված և ստորագրված հայտը պետք է ուղարկել procurement@yic.am էլեկտրոնային հասցեին կամ փաստաթղթային ձևով ներկայացնել ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեով։

2.3. Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 16-ը՝ ժամը 12։00-ն։

2.4. Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը հանձնաժողովի կողմից դիտարկման ենթակա չեն ։

  1. ՀԱՅՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1. Հայտը վավեր է հայտերի ներկայացման վերջնաժամկետից սկսած 3 ամիս։

3.2. Մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը Հայտատուն կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը։

  1. ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻՆ

4.1. Հայտը կարող է ներկայացվել հայերեն և/կամ անգլերեն։

4.2. Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ։

4.3. Առաջարկված գինը պետք է ներառի ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր ծախսերը։

4.4. Առաջարկը պետք է ներառի պահանջվող փաստաթուղթը՝ լրացված Հավելված 1-ը։

4.5. Գնանշման հայտը չի դիտարկվի և/կամ կմերժվի, եթե՝

ա. ներկայացված է թերի՝ ոչ համապատասխան ձևաչափով կամ առաջարկվող ծառայությունը ներկայացված է ոչ ամբողջական,

բ. չի համապատասխանում հրավերով սահմանված տեխնիկական պայմաններին,

գ. ներկայացվել է սահմանված վերջնաժամկետից հետո։

  1. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հայտերի գնահատումը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 26)։

5.1. Հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված և հրապարակում է հրավերով սահմանված պայմաններին համապատասխան հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված։

5.2. Հաղթողը որոշվում է հրավերի պահանջներին բավարարող հայտերից՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

5.3. Գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն, որը ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի անդամները։

5.4. Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր։

5.5. Պատվիրատուն հաղթող մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին տեղեկացնում է էլեկտրոնային նամակով կամ հեռախոսազանգով։

  1. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

6.1. Հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, եթե՝

ա. ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին,

բ. դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը,

գ. ոչ մի հայտ չի ներկայացվել։

6.2. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում Պատվիրատուն այդ մասին տեղեկացնում է հայտ ներկայացրած մասնակիցներին՝ նշելով ընթացակարգը չկայացած հայտարարելու հիմնավորումը։

  1. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Սույն գնանշման հարցման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Հրանուշ Իգիթյանին՝ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00–18։00)։

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայտերի ներկայացման սույն առաջարկում տեղ գտած ողջ տեղեկատվությունը, անկախ դրա փոխանցման եղանակից, պետք է գաղտնի պահվի և չի կարող հրապարակվել առանց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրավոր թույլտվության: