ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պատվիրատու՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ։

Գնման առարկա` հետազոտական ծառայություն։

Ծրագիրը, որի համար կատարվում է գնումը՝ «Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագրի երկարաժամկետ նպատակն է՝ նպաստել Գյումրու երիտասարդների կյանքի որակի բարելավմանը՝ կարիքների վրա հիմնված տեղական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու միջոցով:

Ծրագրի խնդիրներն են՝ ա) հետազոտության միջոցով ուսումնասիրել և վերլուծել համայնքի երիտասարդության ներկա վիճակը, բ) փաստարկված կերպով վեր հանել Գյումրու երիտասարդական քաղաքականության ներկա առաջնահերթությունները, գ) մշակել հիմնախնդիրների լուծման որոշակի առաջարկություններ, դ) հետազոտական տեղեկատվությունը հասանելի դարձնել դերակատարներին և շահագրգիռ կողմերին՝ տպագիր և առցանց զեկույցի հրապարակման միջոցով։

Մրցույթին մասնակցության իրավունք` ծառայության մատուցման համար կարող են դիմել ֆիզիկական և իրավաբանական անձինք։

Դիմելու վերջնաժամկետ՝ 2020 թ. սեպտեմբերի 12, ժամը 23:59

Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը:


Գնման առարկայի բնութագիրը`

  1. Վերլուծել Գյումրու երիտասարդությանն առնչվող ոլորտային հիմնական փաստաթղթերն ու նախկին հետազոտությունները, վիճակագրական տվյալները, ֆինանսական ռեսուրսները։
  2. Որակական հետազոտության միջոցով ուսումնասիրել և վերլուծել համայնքի երիտասարդության հիմնահարցերը և հնարավորությունները։
  3. Քանակական ուսումնասիրության միջոցով բացահայտել Գյումրու երիտասարդների պատկերացումները, կարիքները, խնդիրները, ձգտումներն ու ներուժը։
  4. Փաստարկված կերպով վեր հանել Գյումրու երիտասարդությանն առնչվող բարեփոխումների առաջնահերթությունները՝ հիմք ստեղծելով ներառական և մասնակցային տեղական երիտասարդական քաղաքականության փաստաթղթերի մշակման համար։
  5. Ներկայացնել հիմնախնդիրների լուծման որոշակի առաջարկություններ՝ նպաստելով երիտասարդությանն առնչվող հանրային քաղաքականությունների բարելավմանը։

Պայմանագրային նախատեսվող պարտականությունները՝

  • Ոլորտային տվյալների ու փաստաթղթերի վերլուծություն,
  • դաշտի առկա վիճակի քարտեզագրում,
  • որակական առցանց հետազոտության իրականացում. անցկացնել 7-8 անհատական հարցազրույց և 12-13 ֆոկուս խմբային հանդիպում (յուրաքանչյուրը 5-8 երիտասարդի ու շահագրգիռ դերակատարի (փորձագետներ, քաղաքականություն մշակողներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական կառույցների և երիտասարդական խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ խոցելի և սահմանափակ հնարավորություն ունեցող երիտասարդների ընդգրկող) մասնակցությամբ),
  • մասնակցություն որակական հետազոտության արդյունքների քննարկմանն ուղղված շահագրգիռ կողմերի առցանց մեկ ֆորումի,
  • քանակական հետազոտության իրականացում ընտրանքային մոտեցմամբ (նախատեսվում է շուրջ 800 երիտասարդի շրջանակում),
  • մասնակցություն որակական և քանակական հետազոտության արդյունքների վավերացմանն (վալիդացմանն) ուղղված մեկ առցանց ֆորումի,
  • Գյումրու երիտասարդության իրավիճակը ներկայացնող, եզրակացություններ և հանրային քաղաքականության բարելավման առաջարկներ ընդգրկող հետազոտական վերջնական զեկույցի (մոտ 120 էջ) պատրաստում,
  • մասնակցություն Ծրագրի և հետազոտության արդյունքների ներկայացման և զեկույցի շնորհանդեսի միջոցառմանը։

Աշխատանքի արդյունքները՝

  1. Հետազոտական զեկույց, մոտ 120 տպագիր էջ՝ ներառյալ մեթոդաբանությունը։ Այն պետք է ընդգրկի համառոտագիրը, վերլուծական, որակական և քանակական հետազոտության արդյունքները (ներառյալ՝ գրաֆիկները և պատկերները), եզրահանգումները և առաջարկությունները։
  2. Հետազոտության power-point ներկայացման տարբերակը (մոտ 20 սլայդ, ոչ միայն տեքստային)։

Հետազոտության արդյունքները ներկայացվելու են շահագրգիռ կողմերին, գործընկերներին, հանրությանը։ Դրանք օգտագործվելու են Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի և գործընկերների կողմից։

 

Ժամանակացույցը՝ հետազոտությունը պետք է ավարտված լինի մինչև 2020 թ-ի նոյեմբերի 10-ը։


Մասնակիցների որակավորման չափանիշները՝ մրցույթի մասնակիցը պետք է ունենա նախատեսված պարտավորությունների կատարման համար`

  1. մասնագիտական գործունեության համապատասխանություն գնման առարկայի բնութագրով նախատեսված գործունեությանը (հետազոտական մեթոդաբանությունների և գործիքների մշակման իմացություն, դրանց կրառման ունակություն),
  2. մասնագիտական փորձառություն՝ առնվազն 2 տարվա հետազոտական աշխատանքային փորձ,
  3. վերլուծական հմտություններ,
  4. զեկույցների և առաջարկությունների մշակման հմտություններ։

Հայտերի ներկայացման պայմանները՝

  1. Մասնակիցն իր հայտը պետք է ներկայացնի էլեկտրոնային եղանակով՝ բոլոր փաստաթղթերը pdf ֆորմատով և/կամ սկանավորած տարբերակով։
  2. Հայտը պետք է ներկայացնել karen.terteryan@yic.am էլ-փոստի հասցեով՝ հասցեատերերի դաշտում նշելով նաև hr@yic.am էլ. հասցեն։
  3. Մասնակիցը չի կարող ներկայացնել մեկից ավելի հայտ:
  4. Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը (2020թ. սեպտեմբերի 12-ը, ժամը 23:59) կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը:
  5. Հայտում պետք է ներառված լինի մասնակցի մասնագիտական գործունեության համապատասխանությունը և փորձառությունը հավաստող հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով գրություն (անհատների դեպքում՝ ինքնակենսագրական (CV))։
  6. Կատարած հետազոտական աշխատանքի/ների հղում/ներ (նախընտրելի է) կամ նմուշ/ներ։
  7. Գնային առաջարկը (ներառյալ՝ աշխատանքի կատարման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը։ Սակայն, եթե մասնակիցը ԱԱՀ վճարող է, ապա գնային առաջարկում այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը պետք է նշվի առանձին տողով):
  8. Ոչ գնային առաջարկը (գործողությունների պլան, ներառյալ՝ առաջարկվող մեթոդաբանություն և/կամ այլընտրանքային տեխնիկական բնութագիր)։
  9. Մասնակիցն իր ցանկությամբ կարող է ներկայացնել երաշխավորագրեր և այլ տեղեկություններ։
  10. Մասնակցի կողմից ներկայացված հայտը վավեր է մինչև ա) ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքումը, բ) մասնակցի կողմից հայտը հետ վերցնելը, գ) հայտի մերժումը կամ դ) գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելը:

Հայտերի բացումը՝

Մասնակիցների էլեկտրոնային նամակները բացվելու և հայտերը դիտարկվելու են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում՝ հայտերը գնահատող հանձնաժողովի կողմից։

Հայտի մերժումը՝

Հայտերի բացումից հետո «Հայտերի ներկայացման պայմաններին» չհամապատասխանող հայտերը գնահատվելու են անբավարար և մերժվելու են։

Հայտերի գնահատումը՝

Հայտերի ներկայացման ֆորմալ պահանջներին համապատասխանող հայտերը առանձնացնելուց հետո, Հանձնաժողովը գնահատելու է Հայտով ներկայացված մասնակցի որակավորումը հիմնավորող փաստաթղթերի (տեղեկությունների) համապատասխանությունը մրցույթով սահմանված պահանջներին, և տվյալ մասնակցի գնային և ոչ գնային (տեխնիկական) առաջարկի հիմնավորվածությունը: Հայտը գնահատվում է բավարար, եթե ներկայացված տվյալները բավարարում են սահմանված պահանջները:

Առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրած մասնակիցները որոշվում են բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից։

Ընտրության հիմնական չափանիշները՝

  1. Նմանատիպ հետազոտություններ իրականացնելու փորձը։
  2. Առաջարկված գործողությունների պլանի արդյունավետությունը։
  3. Նվազագույն գնային առաջարկը։

Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած նվազագույն գնին և ոչ գնային չափանիշներին տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է:

Առաջին տեղը զբաղեցրած (ընտրված) մասնակցի անունը կհայտարարվի սեպտեմբերի 15-ին։

 

Հարցերի, պարզաբանումների և մանրամասների, ինչպես նաև բողոքների և դիտարկումների համար կարող եք կապ հաստատել ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանի հետ՝ 095-91-91-97 հեռախոսահամարով կամ karen.terteryan@yic.am էլ. հասցեով (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00):

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ
Հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի (3100), Շահումյան 69, «Արևամանուկ» շենք, 1-ին հարկ։

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Գյումրու համայնքապետարանի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համագործակցությամբ: