«ՏԻՄ-ՔՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում են ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմաներով դասընթացին:
Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում երիտասարդական միջավայրի ձևավորմանը և համայնքային երիտասարդական ծառայությունների ստեղծմանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։
Ի՞նչ սպասել դասընթացից․
- «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի վերաբերյալ և այդ համատեքստում՝ ՏԻՄ գործառույթների/ լիազորությունների վերաբերյալ իրազեկվածություն,
- Համայնքում երիտասարդական միջավայրերի ստեղծման և գործարկման, երիտասարդական աշխատանքի հնարավոր մոդելների և առանձնահատկությունների, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով ԿԳՄՍՆ-ի կողմից դրամաշնորհային ծրագրի հայտի լրացման, հաշվետվությունների ներկայացման կարգի ու առանձնահատկությունների մասին տեսական գիտելիքներ և կիրառելի հմտություններ,
- Ներհամայնքային և միջհամայնքային կապերի ստեղծման, համախոհների և հավասարակիցների միջավայրում փորձի փոխանակման հնարավորություն,
- Երիտասարդական ոլորտի երկարամյա փորձառություն ունեցող մասնագետների կողմից մշակված ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով կրթական ծրագիր:
Ո՞վքեր կարող են դիմել․
Դիմում հայտը պետք է ներկայացնել համայնքի անունով՝ հայտի մեջ միաժամանակ ներառելով համայնքից առաջադրվող չորս մասնակիցների՝ ՏԻՄ երկու և երիտասարդական ոլորտի երկու ներկայացուցիչների տվյալները:
Դիմելուց առաջ անհրաժեշտ է ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություն՝ դասընթացի ընթացքում և դրա ավարտին համատեղ մեկ համայնքի անունից հանդես գալու համար:
Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչը պետք է՝
- Լինի 18 և ավելի տարեկան,
- Հանդիսանա համայնքապետարանի աշխատակից, վարչական ղեկավար կամ ավագանու անդամ։
Երիտասարդական ոլորտի ներկայացուցիչը պետք է՝
- Բնակվի տվյալ համայնքում,
- Լինի տվյալ համայնքում գործող երիտասարդական կառույցի ղեկավար, երիտասարդական ծրագրերի պատասխանատու և/կամ երիտասարդ առաջնորդ,
- Անդամակցի համայնքում գործող երիտասարդական ակտիվ խմբի, երիտասարդական կազմակերպության, երիտասարդական խորհրդի կամ այլ երիտասարդական կառույցի։
Ե՞րբ․ Դասընթացն անցկացվելու է երկու խմբով. յուրաքանչյուր խմբում ընդգրկվելու է 7 համայնք՝ չորսական ներկայացուցիչներով:
Առաջին խումբ: Նոյեմբերի 21-ից 24-ը
Երկրորդ խումբ։ Նոյեմբերի 27-ից 30-ը
*Մասնակիցների բաշխումը խմբերի կիրականացվի կազմակերպիչների կողմից՝ հաշվի առնելով դիմորդների աշխարհագրությունը։
Որտե՞ղ. Դասընթացը տեղի է ունենալու Գյումրի քաղաքում։
Մասնակիցները կհյուրընկալվեն երկտեղանոց սենյակներում։
*Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:
**Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։
Դիմելու կարգը․
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը: Գրանցվելու վերջնաժամկետն է նոյեմբերի 13-ը, ժամը` 18:00-ն:
Հարցերի և մանրամասների համար, կարող եք կապ հաստատել դասընթացի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանի հետ՝ գրելով julieta.sargsyan@yic.am էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն)։
Դասընթացն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ: