Նելլի Եղիազարյան-ԵԿԾ կամավոր
Ինչքան սովորում ես, հասկանում ես, որ դեռ սովորելու լիքը բաներ ունես: Ինչքան շատ ես ճանաչում շրջապատող աշխարհը, այնքան հասկանում ես, որ դեռ շատ ու շատ երևույթներ քեզ համար մնում են անճանաչելի: Ողջույն, ես Նելլին եմ և այսօր կպատմեմ իմ ԵՀԿ փորձառության մասին:
Երբ առաջին անգամ էի կամավորությամբ զբաղվում, հասկացա, որ այն ինձ երջանկացնում է: Առաջին հերթին, ես իսկապես շատ եմ սիրում կամավորությամբ զբաղվել և օգնել մարդկանց: Սկզբում ես սկսեցի կամավորությամբ զբաղվել տեղի հասարակական կազմակերպություններից մեկում, իսկ հետո հասկացա, որ կա նաև հնարավորություն ընդլայնելու սահմանները և հանդիպելու մարդկանց, որոնք իսկապես տարբերվում են իրենց ապրելակերպով և ունեն այլ հայացքներ կյանքի վերաբերյալ: Քանի որ ես իսկապես ուզում էի զբաղվել կամավորությամբ նաև այլ երկրում, ես դիմում էի տարբեր հնարավորությունների և ահա վերջապես ընտրվեցի: Ես ընտրվեցի հունգարական կազմակերպության կողմից: Իմ ծրագիրը Հունգարիայում էր: Ինձ ուղարկող կազմակերպությունը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն էր, որտեղից իմացել էի հնարավորության մասին:
Երկար ժամանակ Հունգարիայում լինելն ու հասարակական կազմակերպությունում աշխատելն ինձ համար կրթության ալտերնատիվ ճանապարհ էր: Իհարկե, կուզեի առանձնացնել, որ նման հնարավորությունը ինքնին ոչ ֆորմալ կրթություն է: Այլ աշխարհայացք և ապրելակերպ ունեցող մադկանց հետ հանդիպումը, օգնեց ինձ ևս փոխվել և «հաղթահարել» զարմանքս:
Բացի ոչ ֆորմալ կրթությունից, կար նաև մշակութային մեծ տարբերություն, որը նույնպես նոր էր ինձ համար: Սա ավելի շատ էր զգացվում, որովհետև իմ ծրագիրը ուներ հենց մշակութային բովանդակություն:
Ինձ համար շատ զարմանալի էր Հունգարիայում հանդիպել ռուսախոս մարդկանց: Նրանք դա բացատրում էին` ռուսների Հունգարիան գրավելու պատմությամբ:
Իմ կամավորության սկզբնական հատվածում չգիտեի, որ կարող եմ այսքան շատ գիտելիք ստանալ: Կամավորությանս միջոցով դարձա ավելի համարձակ, ձեռք բերեցի մի շարք հմտություններ, որոնք օգնեցին ավելի լավ հասկանալ մարդկանց: Իհարկե, ընթացքում հանդիպեցի նաև մի շարք «մարտահրավերների», սակայն, կարծում եմ, որ դա ընթացքի և հաջողության մի մասն է կազմում: Անչափ շնորհակալ եմ նման հնարավորություն ունենալու համար: