GLOW ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԵՂԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՋՈԿԱՏԱՎԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հրավիրում ենք 16-ից 23 տարեկան մարզաբնակ և Լեռնային Ղարաբաղից տեղահանված աղջիկների՝ որպես ջոկատավարներ ներգրավվելու «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) ճամբարում, որը տեղի կունենա ս․թ․ օգոստոսի 15-ից 21-ը՝ Դիլիջանում։
Ճամբարի նպատակն է հզորացնել աղջիկներին և կրթության միջոցով խթանել առաջնորդությունը։
Ջոկատավարի պարտականությունները ներառում են ճամբարականների ներգրավվածության, անվտանգության և բարեկեցության ապահովումը ճամբարի ողջ ընթացքում: Ջոկատների ստեղծումից, խմբային աշխատանքներից, կրթական նյութերի ոչ-ֆորմալ ձևաչափով մատուցումից մինչև հանգստի ու ազատ ժամանակի կազմակերպում և առօրյայի վերահսկումը լինելու է ջոկատավարների պատասխանատվության ներքո՝ ճամբարի աշխատակազմի վերահսկողությամբ։ Ճամբարին հաջորդելու է ճամբարականների կողմից մշակված համայնքային ծրագրերի իրականացման փուլը, որի ընթացքում ջոկատավարները տրամադրելու են խորհրդատվություն և աջակցություն իրենց ջոկատներին՝ ծրագրերը կյանքի կոչելու համար։
Ընտրված ջոկատավարները պարտավորվում են մասնակցել մեկօրյա վերապատրաստման դասընթացի Երևանում (հուլիսի վերջ կամ օգոստոսի սկիզբ):
Դիմորդների 16 տարին պետք է լրացած լինի մինչև ճամբարի մեկնարկը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ջոկատավարների թիվը՝ 8,
- Ճամբարի տևողությունը՝ 7 օր,
- Ջոկատավարների կեցությունը, սնունդն ու տրանսպորտը ապահովվում է,
- Ջոկատավարները պարտավորվում են պատշաճ կերպով նախապատրաստվել ճամբարին՝ յուրացնելով տրամադրվող կրթական նյութերը և մասնակցել մեկօրյա վերապատրաստման դասընթացին՝ Երևանում (կեցությունը, սնունդը և տրանսպորտը ապահովվում է),
- Ջոկատավարները պարտավորվում են ներգրավվել հետճամբարային փուլում որպես մենթորներ/խորհրդատուներ՝ աջակցելով ճամբարականներին իրենց համայնքային ծրագրերը իրականացնելու հարցում,
- Ջոկատավարների համար նախատեսվում է խրախուսական վճար։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը մինչև ս․թ․ հուլիսի 18-ը, ժամը 12:00-ն։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք.
- Զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00)
- Նամակ ուղարկել armenianglow@gmail.com էլ․հասցեին,
- Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):
Նախորդ տարիներին տեղի ունեցած GLOW ճամբարների մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել մեր ֆեյսբուքի և ինստագրամի էջերում։
Ծրագիրն իրականացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ:
«GLOW»-ն միջազգային ծրագիր է, որը ստեղծվել է 1995 թվականին՝ որպես ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների նախաձեռնություն։ 2015 թվականից ծրագրի իրականացումը Հայաստանում ստանձնել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը։