«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է Արմավիրի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 24 համայնքների երիտասարդական ոլորտի ու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչների՝ մասնակցելու 50/50 ձևաչափով երիտասարդական տեղական քաղաքականություն թեմայով դասընթացի, որը կազմակերպվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում:
Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում համայնքային երիտասարդական քաղաքականությունների մշակմանը՝ երիտասարդական կառույցների և համայնքային իշխանությունների կարողությունների համատեղ զարգացման (50/50 ձևաչափով) միջոցով։
Դասընթացը անդրադառնում է հիմնական երկու թեմաների՝ երիտասարդների մասնակցություն և երիտասարդական քաղաքականություն։
Ինչ սպասել դասընթացից․
- Համայնքում երիտասարդական տեղական քաղաքականության մշակման և իրականացման տեսական գիտելիքներ ու կիրառելի հմտություններ։
- Ներհամայնքային և միջհամայնքային կապերի ստեղծման, համախոհների և հավասարակիցների միջավայրում փորձի փոխանակման հնարավորություն:
- Երիտասարդական ոլորտի երկարամյա փորձառություն ունեցող մասնագետների կողմից մշակված ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով կրթական ծրագիր:
Ովքեր կարող են դիմել․
Դիմում հայտը պետք է ներկայացնել համայնքի անունով՝ հայտի մեջ միաժամանակ ներառելով առաջադրվող երկու մասնակիցների՝ երիտասարդական ոլորտի ներկայացուցչի և ՏԻՄ ներկայացուցիչի անուններն ու տվյալները:
Դիմելուց առաջ անհրաժեշտ է ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություն՝ դասընթացի ընթացքում և դրա ավարտին համատեղ մեկ համայնքի անունից հանդես գալու համար:
Երիտասարդական ոլորտի ներկայացուցչը պետք է՝
- Լինի 16-30 տարեկան,
- Բնակվի տվյալ համայնքում,
- Անդամակցի համայնքում գործող երիտասարդական ակտիվ խմբի, երիտասարդական կազմակերպության, երիտասարդական խորհրդի կամ այլ երիտասարդական կառույցի։
Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչը պետք է՝
- Լինի 18 և ավելի տարեկան,
- Ի պաշտոնե պատասխանատու լինի համայնքում երիտասարդական հարցերի համար,
- Հանդիսանա համայնքապետարանի աշխատակից, վարչական ղեկավար կամ ավագանու անդամ։
Երբ․ Դասընթացն անցկացվելու է երկու խմբով. յուրաքանչյուր խմբում ընդգրկվելու են 12 համայնք՝ երկուական ներկայացուցիչներով:
Առաջին խումբ: Հունիսի 27-ից 30-ը
Երկրորդ խումբ։ Հուլիսի 17-ից 20-ը։
*Մասնակիցների բաշխումը խմբերի կիրականացվի կազմակերպիչների կողմից՝ հաշվի առնելով դիմորդների աշխարհագրությունը։
Որտեղ. Դասընթացի վայրը ենթակա է վերջնական հաստատման։
Մասնակիցները կհյուրընկալվեն երկտեղանոց և երեք տեղանոց սենյակներում։
* Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:
** Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։
Դիմելու կարգը․
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը։ Գրանցվելու վերջնաժամկետն է հունիսի 8-ը, ժամը` 23:59-ն:
Հարցերի և մանրամասների դեպքում, կարող եք կապ հաստատել դասընթացի համակարգող Մարգարիտա Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն)։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: