Դեկտեմբերի 22-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին պետական կառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ ու շահառուներ։ Միջոցառման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն ամփոփեց կազմակերպության գործունեության 10 տարիները՝ ներկայացնելով կազմակերպության իրականացրած ծրագրերը և գործողությունները՝ ըստ ոլորտների: Տեղի ունեցավ նաև ԵՆԿ-ին նվիրված «Youth Power» երգի պրեմիերան, որի կատարողն է երգչուհի Արմինե Քոչարյանը: Ամփոփելով 2018 թվականը՝ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար։ Հանձնվեցին նաև «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» և «ԵՆԿ բարեկամ» տիտղոսները։ ԵՆԿ հիմնադրման հոբելյանական 10-ամյակի և երիտասարդական ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Արթուր Նաջարյանի, պարգևատրվեց պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի կողմից։