Հայարփի Պողոսյան – ԵՆԿ անդամ

14642257_1189498231130653_3754995300473672688_nԳյումրու ԵՆԿ ՀԿ-ի մասին իմացել եմ Գյումրիում բնակվող ընկերներիցս ու սկսել եմ հետևել իրենց ակտիվ ու հետաքրքիր գործունեությանը դեռ երկու տարի առաջ, սակայն այդ ժամանակ ապրելով ու սովորելով Երևանում՝ չէի կարողանում մասնակցել տարբեր միջոցառումների ու ինքս էլ ներգրավված լինել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքներին։ Հեռվից հետևելով՝ նպատակ ունեի` երբ վերադառնամ Գյումրի, անդամագրվելու եմ որպես կամավոր ու լինելու եմ այն գործի մի մասնիկը, որն ուղղված է հայրենի քաղաքիս երիտասարդության զարգացմանը։
Այդպես էլ եղավ: Դեռևս 2016թ. հունիսին, մասնակցելով ԵՆԿ ՀԿ-ի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացրած «Երիտասարդական աշխատանք-երիտասարդական աշխատող» խորագիրը կրող ծրագրին՝ ուղղված երիտասարդական աշխատողների կրթմանն ու տեղեկացվածության բարձրացմանը, առավել հետաքրքրեց կենտրոնի բազմաբնույթ և բեղուն գործունեությունը՝ ուղղված երիտասարդների անձնային և մասնագիտական զարգացմանը։ Հետո մասնակցեցի երիտասարդների միջազգային օրվան նվիրված ֆլեշմոբին՝ ԵՆԿ ՀԿ-ի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ իրականացրած միջոցառումների շարքին, որն ինձ համար ամենագունեղ օրերից մեկն էր, որ տեղի ունեցավ Գյումրիում՝ տաղանդավոր ու հրաշալի երիտասարդների մասնակցությամբ։
Կարևոր հաջողություններից առանձնացնեմ ԵՆԿ ՀԿ-ի կողմից առաջադրված “Supporting grass-roots youth work’’ միջազգային ծրագիրը, որին հնարավորություն ունեցա մասնակցելու՝ շնորհիվ ԵՆԿ-ի։ Այն տեղի ունեցավ Լիտվայում՝ ուղղված երիտասարդական աշխատանքին ու երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացմանը։ Նաև, մասնակցել եմ ԵՆԿ աշխատակազմի ու ակտիվ շահառուների զարգացման առաջին դասընթացին՝ «Ծրագրի նախագծում և կառավարում» թեմայով՝ ձեռք բերելով առավել կարևոր տեղեկատվություն ծրագրի նախագծման հետ կապված։
Արդեն իսկ լինելով ԵՆԿ կամավոր՝ եղել եմ «Կամավորների միջազգային օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպչական թիմում՝ իմ ներդրումն ունենալով Գյումրու Հայորդաց տանը տեղի ունեցած ֆոտո ցուցահանդեսի ու դպրոցներից մեկում տեղեկատվական սեմինարի իրականացմանը՝ նվիրված կամավորական աշխատանքին։
Մեծ սիրով ցանկանում եմ նշել, որ արդեն մի քանի ամիս է՝ սկսած 2016 թ.-ի հոկտեմբերից, հանդիսանում եմ ԵՆԿ ՀԿ-ի տեղական ծրագրերից ամենաերիտասարդական ու գեղեցիկ ծրագրերից մեկի՝ «Ուրբաթօրյա սրճարանի» կազմակերպչական թիմի ակտիվ անդամ։ Մեծ հաճույքով ու պատասխանատվությամբ աշխատում եմ ԵԿԾ երկու միջազգային կամավորների հետ միասին՝ շեշտը դնելով Գյումրու երիտասարդության ակտիվ ու մշակութային ժամանցն ապահովելուն։ Եվ իհարկե, արժեքավոր ու կարևոր ձեռքբերումներիցս մեկն էլ 2016 թ.-ի ավարտին ԵՆԿ ՀԿ-ի անդամ ընտրվելն էր, որն առաջին հերթին մեծ պատասխանատվություն ու վստահություն է ինձ համար՝ հետագայում էլ ավելի մեծ եռանդով ու ոգևորվածությամբ աշխատելու ու նպաստելու թե՛ կենտրոնի զարգացմանը, թե Գյումրու երիտասարդության զարգացման ուղղված գործին։
Շնորհակալ եմ ԵՆԿ-ին՝ նման վստահության ու այն կարևոր արժեքների ձեռքբերման համար, որ բացահայտել եմ ինքս ինձ համար՝ լինելով կենտրոնում ու քայլելով ԵՆԿ-ի հետ միասին, գրագետ ու հրաշալի մարդիկ, ընկերներ, ճանաչողական ու ոչ-ֆորմալ գիտելիքներ, շփման, հաղորդակցման, լեզվի հմտություններ՝ հատկապես առավել շատ շփում ունենալով ԵԿԾ արտասահմանցի կամավորների հետ, անձնային ու մասնագիտական աճ՝ նպաստելով հատկապես երիտասարդական աշխատանքում մասամբ մասնագիտանալուն։
Իսկ ԵՆԿ-ն ապագայում, թերևս ինձ համար, էլ ավելի բազմանդամ ու նորովի թարմացված, ջերմ ու խելացի ընտանիք է, որի անդամն եմ կազմում ես, իսկ դա հպարտանալու մեծ առիթ է:
Սիրում եմ ԵՆԿ-ն՝ իր բոլոր գույներով հանդերձ։

Հայարփի Պողոսյան
22 տարեկան
Գյումրի