UPSHIFT ՍՅՈՒՆԻՔ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեսթրոնին, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ, «UPSHIFT Սյունիք» ծրագրի որակի և վերահսկման պատասխանատու Արթուր Նաջարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մարզային և տեղական իշխանությունների, տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և «UPSHIFT Սյունիք» ծրագրին մասնակցած թիմերի անդամները:
Օրվա մեկնարկը տրվեց «UPSHIFT Սյունիք» ծրագրի ընթացքն ու արդյունքներն ամփոփող ցուցահանդեսով, որի ընթացքում ներկաները հնարավորություն ստացան ոչ-ֆորմալ միջավայրում դիտել յուրաքանչյուր թիմի անցած ուղին և վերջնարդյունքը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեսթրոնին իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ին և «Գորիսի մամուլի ակումբ»-ին, ծրագրին աջակից այլ կառույցներին և անհատներին հակագործակցության համար․ «Սա առաջին Ափշիֆթը չէ, որին ես մասնակցում եմ, բայց հենց առաջինն է Սյունիքում: Ափշիֆթը ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար շատ կարևոր նախաձեռնություն է, որի միջոցով դեռահասները և երիտասարդները կարողանում են հավելյալ հմտություներ ձեռք բերել բացի դպրոցում ստացած գիտելիքներից: Մենք փորձում ենք Ափշիֆթի միջոցով 21-րդ դարի հմտություններ զարգացնել դեռահասների մոտ և հույս ունեմ դրական փորձառություն եք ձեռք բերել»։
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հորդորեց երիտասարդներին երկխոսել համայնքի հետ, քանի որ միասնական աշխատանքի արդյունքը անգերազանցելի է․ «Գորիսը երիտասարդական քաղաք է՝ ունենք համալսարան, քոլեջներ, տարբեր կենտրոններ, բայց ամեն դեպքում տեսնում ենք պասիվություն երիտասարդության շրջանում։ Շատ կարևոր են նմանօրինակ նախաձեռնությունները, որոնք շարժիչ ուժ են հանդիսանում համայնքի երիտասարդների համար»։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ, «UPSHIFT Սյունիք» ծրագրի որակի և վերահսկման պատասխանատու Արթուր Նաջարյանը ողջունեց Գորիս այցելած հյուրերին և նշեց․ «Մեկ բան միանշանակ էր՝ Ափշիֆթը Գեղարքունիքից և Տավուշից տեղափոխվելու է Սյունիք՝ անկախ բոլոր բարդություններից և մարտահրավերներից, քանի որ այն պետք է ծառայեր ոչ միայն Սյունիքի երիտասարդների առաջնորդական հմտությունները զարգացնելուն և աջակցելուն, որ իրենց համայնքում որոշումների կայացման գործընթացին մասնակցեն, այլ նաև նպատակ ունեինք կենտրոնացնել հասարակության, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը Սյունիքի վրա։
Այսօր մեզ համար կարևոր փաստ ենք արձանագրել՝ այս տարիներին ձևավորվել է ափշիֆթցիների համայնք, ովքեր տարբեր տարածաշրջաններում Ափշիֆթից հետո էլ շարունակում են դրական փոփոխությունների գործակալներ հանդիսանալ և կարևոր դերակատարում ունենալ»։
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Շահնազարյանը կիսվեց իր տպավորություններվ․«Սա բացառիկ նախագիծ է այն առումով, որ ընդամենը երկու ամսում ընդգրկելով տեղական և համայնքային ներկայացուցիչներին, երիտասարդները բոլորին համախմբեցին իրենց նախաձեռնությունների շուրջ։ Ինչքան շատ լինեն Գորիսում նախաձեռնությունները, այդքան շատ Գորիսը կզորանա և վերջապես հակամարտությունների տարածքի փոխարեն կդառնա համագործակցությունների տարածք, որտեղ վստահ եմ՝ կհաջողենք ոչ միայն մենք, այլև ուրիշ կազմակերպություններ և նախաձեռնողական խմբեր»։
Ողջույնի ելույթներին հաջորդեց ծրագրի 3 թիմերի կողմից համայնքային երիտասարդական նախաձեռնությունների իրականացման ընթացքի ու արդյուքների ներկայացումը։
«UPSHIFT Սյունիք» ծրագրի շնորհիվ մասնակից պատանիները և երիտասարդները զարգացրին իրենց համայնքի մարտահրավերները բացահայտելու, սոցիալական ու ձեռնարկատիրական լուծումներ փորձարկելու կարողությունները, սովորեցին խնդիրների լուծման և քննադատական մտածողության, հաղորդակցության, կազմակերպչական գործընթացների կառավարման և 21-րդ դարի այլ հմտություններ:
Միջոցառումն ավարտվեց թիմերին, մենթորներին և աջակիցներին շնորհակալագրերի հանձնման արարողությամբ, որից հետո ներկաները վայելեցին Սյունյաց գեղեցիկ երաժշտական կատարումներ։
«UPSHIFT Սյունիք» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրն իրականացնում են «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակը Եվրոպական միության աջակցությամբ՝ համագործակցելով «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի հետ։