ՐԱՖՖԻ ՇԱՀԲԱԶՅԱՆ ԵՒ ԱՇՈՏ ԹԱԴԵՒՈՍՅԱՆ – ԵԿԾ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ
1) Մինչև ինչ-որ միջազգային կամավորական ծրագրի դիմելը մանրակրկիտ ուսումնասիրեք ծրագրի բովանդակությունը, հիմնական գործող անձանց, ձեր իրավունքներն ու պարտականությունները: Ընտրեք ծրագիրը, այլ ոչ թե երկիրը, որովհետև նույնիսկ ձեր երազանքների երկրում ձեզ անհամապատասխան ծրագրի դեպքում կհայտնվեք հուսալքության և գոյաբանական ճգնաժամի եզրին: “7 չափիր, մեկ կտրիր” ժողովրդական իմաստությունը լիովին կիրառելի է նաև այս պարագայում:
2) Հարցրեք ինքներդ ձեզ` թե ինչ գիտելիքներ և հմտություններ ձեռք կբերեք ծրագրի ավարտին: Արդյո՞ք այդ հմտությունները ձեզ կօգնեն ավելի մրցունակ լինել աշխատաշուկայում:
3) Փորձեք մարդկանց ու դեպքերը մշտապես դիտարկել իրենց մշակութային տարածքում: Շատ և շատ կոնֆլիկտային վիճակներ կարող են առաջանալ ոչ միայն անհատական որակների և գաղափարների անհամապատասխանության, այլ մշակութային բախման, երկու մշակույթներում առկա տարբեր ընկալումների պատճառով:
4) Գնահատեք ձեր դերը այն համայնքի մեջ, որում աշխատում ենք: Հիշե՛ք, որ կամավորությունը ավելին է, քան սոսկ պարտականությունների հաջող իրականացումը: Գնահատե՛ք ձեր կամքը, եռանդը, աշխատասիրությունը, միշտ հիշելով, որ կամավորը դարձնում է աշխարհը ավելի լավը:
5) Հայրենիքից հեռու գտնվելով փորձեք գնահատել ձեր արժեհամակարգային այն տարրերը, որոնք ձեզ համար ավելի վաղ պարզ չէին: Համեմատեք դրանք ձեր “արտերկրյա” համայնքի հետ ու փորձեք վերհանել այն իրողությունները, որոնք առաջանում են երկու ընկալումների բախման արդյունքում:
6) Մի՛ հիասթափվեք, մի՛ վախեցեք, մի՛ ներփակվեք: Ուղղակի նայեք ձեր շուրջը և օտար մշակույթը, տիեզերքի պես, կբացվի ձեր առաջ: