ՄՐՑՈՒՅԹ ՄԵԴԻԱ ՆԱԽԱԳԾԻ ԽՄԲԱԳՐԻ/ՓՈՐՁԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱ․ «Երիտասարդների ձայնը» մեդիա նախագծի խմբագրական ծառայությունների մատուցում

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ․Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ․ Ծառայությունների մատուցման պայմանագիր

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ․ 20.11.2026 – 30.04.2027

ՄՐՑՈՒՅԹԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ.

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ «Երիտասարդների ձայնը» մեդիա նախագծի խմբագրի ընտրության նպատակով։

Մեդիա նախագծի նպատակն է բարձրաձայնել երիտասարդներին հուզող հիմնախնդիրները, ներկայացնել նրանց փորձառություններն ու ձեռքբերումները և նպաստել հասարակության մեջ երիտասարդների ձայնի լսելիության բարձրացմանը։

Նախագծի շրջանակում 2026–2027 թվականներին նախատեսվում է պատրաստել 4 տեսանյութ՝ յուրաքանչյուրը մինչև 12 րոպե տևողությամբ, որոնք կանդրադառնան երիտասարդների՝ աշխատաշուկա մուտք գործելու մարտահրավերներին, երիտասարդական նախաձեռնություններին և մասնակցության հնարավորություններին, ինչպես նաև հաջողության պատմություններին։

Տեսանյութերը կներկայացնեն Շիրակի և Տավուշի մարզերի երիտասարդների փորձն ու ձեռքբերումները և կտարածվեն սոցիալական մեդիայի հարթակներում։

Ընտրված խմբագիրը պատասխանատու կլինի տեսանյութերի բովանդակային մշակման և խմբագրական որակի ապահովման համար՝ համագործակցելով երիտասարդ լրագրողների, նկարահանող/մոնտաժող մասնագետի և ծրագրի թիմի հետ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

Ընտրված փորձագետի հիմնական պարտականություններն են՝

  • մշակել տեսանյութերի բովանդակային հայեցակարգերը, թեմատիկ ուղղությունները և կառուցվածքը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը մեդիա նախագծի նպատակներին։
  • իրականացնել թեմատիկ նախնական ուսումնասիրություններ, հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություն և մշակել հարցազրույցների հարցաշարերը։
  • մասնակցել նկարահանումների պլանավորմանը և նախապատրաստմանը, ինչպես նաև Շիրակի և Տավուշի մարզերում իրականացվող նկարահանումներին՝ ապահովելով դրանց բովանդակային համապատասխանությունը մշակված հայեցակարգերին։
  • տրամադրել մասնագիտական ուղղորդում երիտասարդ լրագրողներին՝ աջակցելով հարցազրույցների նախապատրաստմանը, վարմանը և նյութերի բովանդակային մշակմանը։
  • դիտարկել նկարահանված նյութերը, մասնակցել տեսանյութերի բովանդակության ընտրությանը և նկարահանող/մոնտաժող մասնագետին տրամադրել խմբագրական առաջարկություններ՝ ապահովելու նյութերի բովանդակային ամբողջականությունն ու պատմողական տրամաբանությունը։
  • իրականացնել տեսանյութերի նախնական տարբերակների բովանդակային դիտարկում, ներկայացնել անհրաժեշտ փոփոխությունների և լրամշակումների վերաբերյալ առաջարկություններ։
  • համագործակցել ծրագրի թիմի հետ՝ ապահովելով վերջնական տեսանյութերի համապատասխանությունը նախագծի նպատակներին և դրանց խմբագրական պատրաստվածությունը հրապարակման համար։

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ.

Ծառայությունների մատուցման արդյունքում ակնկալվում է՝

  • Չորս տեսանյութերի մշակված և ծրագրի թիմի հետ համաձայնեցված բովանդակային հայեցակարգեր, կառուցվածքներ և հարցազրույցների հարցաշարեր։
  • Նախագծի շրջանակում նախատեսված նկարահանումներին բովանդակային աջակցություն և մասնակցություն։
  • Չորս տեսանյութերի նախնական տարբերակների վերաբերյալ ներկայացված խմբագրական առաջարկություններ և լրամշակումների ուղղորդում։
  • Չորս վերջնական տեսանյութերի բովանդակային դիտարկում և խմբագրական համաձայնեցում՝ հրապարակման նպատակով։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջներին համապատասխանող անհատ փորձագետները կամ իրավաբանական անձինք՝

  • Լրագրության, մեդիայի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում կրթություն կամ համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ։
  • Տեղեկատվական հաղորդումների, հարցազրույցների, տեսանյութերի կամ այլ մեդիա բովանդակության մշակման և խմբագրման փորձ։
  • Թեմատիկ ուսումնասիրություններ իրականացնելու, տեղեկատվություն հավաքագրելու և հարցազրույցների հարցաշարեր մշակելու կարողություն։
  • Տեսանյութերի բովանդակային կառուցվածքը ձևավորելու, պատմողական տրամաբանությունն ապահովելու և խմբագրական որոշումներ կայացնելու հմտություններ։
  • Երիտասարդության հիմնախնդիրների, աշխատաշուկայի, երիտասարդական մասնակցության և սոցիալական ներառման թեմաների վերաբերյալ իրազեկվածություն կամ համապատասխան թեմաներով աշխատելու պատրաստակամություն։
  • Երիտասարդ լրագրողների մասնագիտական ուղղորդման, թիմային համագործակցության և բովանդակային աշխատանքների համակարգման կարողություն։
  • Հայերենով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Աշխատանքները պլանավորելու, սահմանված ժամկետները պահպանելու և միաժամանակ մի քանի տեսանյութերի պատրաստման բովանդակային գործընթացները համակարգելու կարողություն։
  • Շիրակի և Տավուշի մարզեր գործուղվելու և նկարահանումներին ֆիզիկապես մասնակցելու պատրաստակամություն։

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ.

Ծառայությունների դիմաց վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում վճարումը կիրականացվի սահմանված կարգով ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ.

Մրցույթին մասնակցելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է ներկայացնեն՝

  • Ինքնակենսագրական (CV)՝ ներառելով համապատասխան կրթության, մասնագիտական փորձի և կարողությունների վերաբերյալ տեղեկություններ։ Իրավաբանական անձի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ծառայությունները մատուցող մասնագետի ինքնակենսագրականը։
  • Ֆինանսական առաջարկ՝ նախատեսված ծառայությունների մատուցման համար։
  • Նախկինում իրականացված աշխատանքների օրինակներ կամ դրանց առցանց հղումներ, որոնք հնարավորություն կտան գնահատելու հավակնորդի մասնագիտական փորձը։

Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։

ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ.

Հայտերի գնահատումը կիրականացվի երկու փուլով։

Փուլ 1. Հայտերի նախնական գնահատում` 2026 թվականի նոյեմբերի 2

Ներկայացված հայտերը կգնահատվեն մրցույթի պահանջներին համապատասխանության տեսանկյունից՝ հաշվի առնելով հավակնորդների մասնագիտական փորձը, կարողությունները և ներկայացված փաստաթղթերը։

Փուլ 2. Հարցազրույց` 2026 թվականի նոյեմբերի երկրորդ շաբաթ

Նախնական գնահատման փուլն անցած հավակնորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է անցկացվել առերես կամ տեսազանգի միջոցով։

Կդիտարկվեն միայն սահմանված ժամկետում ներկայացված և մրցույթի պահանջներին համապատասխանող հայտերը։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ.

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարգարիտ Գրիգորյանի հետ՝

Էլեկտրոնային հասցե՝ margarit.grigoryan@yic.am

Հեռախոս՝ +374 95 91 91 97

Հեռախոսազանգերի համար՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 14։00–18։00։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 35 տարի։ Կազմակերպության առաքելությունն է ապահովել երեխաների և երիտասարդների՝ ընտանիքում ապրելու իրավունքը և կանխարգելել մանկալքությունը։

Կայք՝ https://sos-kd.am/hy

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008 թվականին ՀՀ Գյումրի քաղաքում՝ տեղի երիտասարդների նախաձեռնությամբ։ ԵՆԿ-ի գործունեության հիմքում երիտասարդի՝ որպես անհատի, մրցունակ մասնագետի և պատասխանատու քաղաքացու կայացման գաղափարն է՝ կարողությունների զարգացման, նախաձեռնողականության և քաղաքացիական մասնակցության խթանման միջոցով։

Կայք՝ www.yic.am