Նոյեմբերի 16-ին՝ ուսանողների միջազգային օրվան ընդառաջ, Գյումրիում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Երիտասարդական պալատում. Շիրակի մարզում գործող բարձրագույն, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում սովորող 22 ուսանողներ իրենց բարձր առաջադիմության և հասարակական ակտիվ գործունեության համար արժանացան Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի պատվոգրերի: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի հետ համատեղ պատրաստել էր անակնկալ, որի արդյունքում վիճակահանության սկզբունքով 3 ուսանողների 2018 թվականի ընթացքում Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի շրջանակներում արտերկրում վերապատրաստվելու հնարավորություն ընձեռվեց: Ուսանողների պարգևատրման արարողությանը հաջորդեց Գյումրու Հայորդյաց տանը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի համագործակցությամբ առաջին անգամ անցկացվող և Գյումրիում նախադեպը չունեցած կրթական փառատոնը՝ EDUfest-ը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» Շիրակի տարածքային զարգացման ղեկավար Հռիփսիմե Ամիրխանյանը և Գյումրու Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների էքսպո, պահանջված մասնագիտությունների, հեռավար կրթության և ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ ելույթ-քննարկումներ, Հայաստանում և արտերկրում կրթական ծրագրերի (Վիքի կրթական ծրագիր, Էրազմուս+ բարձրագույն կրթության ծրագիր, FLEX աշակերտական փոխանակման ծրագիր) ու կրթաթոշակների վերաբերյալ աշխատարաններ (workshop):