ՈՒՂԵՐՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, որպես երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն, շարունակում է երիտասարդության օրակարգի, այդ թվում շրջափակման պատճառով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հազարավոր երեխաների և երիտասարդների՝ իրենց բնականոն ու անվտանգ կյանքի, սննդի, կրթության, ազատ տեղաշարժի և այլ հիմնարար իրավունքներից ազատ օգտվելու օրակարգի պաշտպանությունը հանրային տարբեր հարթակներում։

2022 թվականի դեկտեմբեր ամսից ի վեր Արցախում տեղի է ունենում զանգվածային մարդասիրական աղետ։ Ադրբեջանը, արհամարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու պահանջները, անտեսելով իր ստանձնած բոլոր պարտավորությունները, շարունակում է ցեղասպան քաղաքականություն ու գործողություններ վարել` շրջափակման մեջ պահելով Արցախը։ Անօրինական ու հանցավոր կերպով փակելով Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհը՝ ադրբեջանական իշխանությունները 120 000 մարդու մատնել են սովի ու զրկանքների: Ադրբեջանը Արցախի հայ բնակչությանը մտադրված ենթարկում է իրական տեռորի` ունենալով միայն մեկ նպատակ՝ էթնիկ զտումների ենթարկել, ստիպել 120,000 հայի հեռանալ իրենց բնակավայրերից, Հայրենիքից:

Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ՝ ևս մեկ անգամ հրավիրում ենք միջազգային դերակատարների և գործընկեր կառույցների ուշադրությունը մարդասիրական այս աղետի վրա, և Արցախի շուտափույթ ապաշրջափակման պահանջով կոչ ենք անում իրական արդյունք ապահովող մեխանիզմներ գործադրել մարդասիրական ճգնաժամը դադարեցնելու համար։

#RoadOfLife #openArtsakh #artsakh_blockade #InternationalYouthDay