«UPSHIFT ԳԱՎԱՌ» | ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «UPSHIFT Գավառ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ-ում ԵՄ դեսպանության ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ, Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը, Մանկական Եվրատեսիլ 2021թ.-ի հաղթող Մալենան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մարզային և տեղական իշխանությունների, տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և «UPSHIFT Գավառ» ծրագրին մասնակցած թիմերի անդամները:
Օրվա մեկնարկը տրվեց «UPSHIFT Գավառ» ծրագրի ընթացքն ու արդյունքներն ամփոփող ցուցահանդեսով, որի ընթացքում ներկաները հնարավորություն ստացան ոչ-ֆորմալ միջավայրում դիտել յուրաքանչյուր թիմի անցած ուղին և վերջնարդյունքը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ողջունեց ներկաներին նշելով, որ UPSHIFT Գավառը հատուկ է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար, քանի որ այն սահմանում է նոր ռեկորդ, թե ինչպես է համախմբվում համայնքը՝ աջակցելու մրցող թիմերին՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար: Ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է թիմերից հինգին, Գավառի քաղաքապետարանը երեք լրացուցիչ թիմերի, իսկ UPSHIFT-ի մի խումբ անհատներ աջակցել են ևս երկուսին»:
Հայաստանում ԵՄ դեսպանության ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը իր ելույթում նշեց․ «Գյումրիից մինչև Իջևան և Գավառ ես արդեն տեսել եմ բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են դեռահասներն ու երիտասարդները իրենց ձեռքը վերցնում իրավիճակը և դրական փոփոխություններ բերում համայնքում՝ ներառական ճանապարհով ընդլայնելով սովորելու հնարավորությունները, ամրապնդելով իրենց հմտություններն ու աշխատունակությունը։ Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանը, և մենք աջակցում ենք Հայաստանին զարգացնել որակյալ կրթական ծառայություններ երեխաների և երիտասարդների համար»:
Գավառի համայնքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը ողջունեց Գավառ այցելած հյուրերին և նշեց, որ ԵՆԿ ՀԿ-ի հետ համագործակցության, և հատկապես UPSHIFT ծրագրի արդյուքնում, անցնող մեկ տարվա ընթացքում Գավառում երիտասարդների մասին ավելի շատ է խոսվել և երիտասարդների դերը ավելի է կարևորվել․ «Գավառի համայնքապետարանը կարևորում է երիտասարդական նախաձեռնությունների իրականացումը և համայնքապետարան-երիտասարդ կապի ամրապնդմանը, վստահ լինելով, որ այս երիտասարդները համայնքային կյանքում փոփոխությունների իսկական դերակատարներ կլինեն»։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը նշեց․ «Գավառում մենք հանդիպեցինք Հայրենիքին ու իր համայնքը չափից շատ սիրող, իր դերը համայքնի զարգացման գործում կարևորող պատանիների ու երիտասարդների, ում պարզապես պետք էր հնարավորություն երազելու, իրենց երազանքները կյանքի կոչելու: Այդ հնարավորությունը դարձավ UPSHIFT-ը։ Այս առումով Գավառի երիտասարդները նոր ռեկորդ են սահմանել, թե ինչպես կարելի է ջանքեր ներդնել համայնքի կողմից լայն աջակցություն ստանալու համար: Սա իրենց համայնքում դրական փոփոխություններ բերելու ճանապարհի սկիզբն է միայն, և ես վստահ եմ, որ նրանք կշարունակեն անել ավելին»։
Մանկական Եվրատեսիլ 2021թ.-ի հաղթող Մալենան կիսվեց իր տպավորություններվ․ «Ես շատ տպավորված եմ, թե թիմերից յուրաքանչյուրը որքան շատ բան է կարողացել անել և ունեցած սահմանափակ ռեսուրսներով արդյունք ստանալ: Իսկապես, եկել է մեր հերթն ու ժամանակը գործելու, և ես հուսով եմ, որ մենք կարող ենք խրախուսել ավելի շատ երիտասարդների ակտիվանալ և միանալ մեզ»։
Ողջույնի ելույթներին հաջորդեց մասնակից երիտասարդների գաղափարների և ձեռքբերումների մասին պատմող հակիրճ տեսանյութի ցուցադրություն, որից հետո ծրագրի 10 թիմերը ներկայացրին իրենց նախագծերի իրականացման ընթացքն ու արդյուքնները:
Ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստացած 5 թիմերից բացի իրենց գաղափարներն իրագործելու համար ֆինանսավորում են ստացել ևս 5-ը, 3-ը՝ Գավառի համայնքապետարանի, իսկ 2-ը՝ անհատների աջակցությամբ։
Արդյունքում՝ Գավառ համայնքում արդեն կարելի է տեսնել տեղեկատվական ցուցանակներ պատմամշակութային տարածքներում, երիտասարդների համար նախատեսված բացօթյա հարթակներ՝ երիտասարդների ձեռքով կառուցված, պլաստիկի վերամշակման առաջին քայլերը և 21-րդ դարին բնորոշ տեխնոլոգիաների ներմուծումը դասասենյակներ:
«UPSHIFT Գավառ» ծրագրի շնորհիվ մասնակից պատանիները և երիտասարդները զարգացրին իրենց համայնքի մարտահրավերները բացահայտելու, սոցիալական ու ձեռնարկատիրական լուծումներ փորձարկելու կարողությունները, սովորեցին խնդիրների լուծման և քննադատական մտածողության, հաղորդակցության, կազմակերպչական գործընթացների կառավարման և 21-րդ դարի այլ հմտություններ:
Միջոցառումն ավարտվեց շնորհակալագրերի հանձնման արարողությամբ, որից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ միջավայրում շփվել Մանկական Եվրատեսիլ 2021թ.-ի հաղթող Մալենայի հետ:
«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրն իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ: