Հանդիպում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ

Շիրակի մարզում երիտասարդների կրթության, զբաղվածության և առողջ ապրելակերպին ուղղված, կանանց հմտությունների ու կարողությունների զարգացման, վերարտադրողական առողջության, մարզում տնտեսական ու սոցիալական նախաձեռնությունների ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով մարտի 11-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց երկու կառույցների համագործակցությամբ Շիրակի մարզում իրականացվող և առաջիկայում պլանավորված ծրագրերը։

Մասնավորապես խոսվեց`

⋅ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում ստեղծված
⋅ «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի գործունեության,
⋅ «Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարության երկամսյա դասընթացների,
⋅ «Հայրիկների դպրոց» հանդիպում-քննարկումների կարևորության,
⋅ Վերարտադրողական և մայրական առողջության,
⋅ Կանանց դերի բարձրացման ու կարողությունների զարգացման,
⋅ Երիտասարդության զբաղվածության բարձրացմանն ու զարգացմանը միտված ծրագրերի մասին։

Մարզպետն իր խոսքում կարևորեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերը։ Ինչպես նաև կարևորեց երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության, կանանց դերի բարձրացմանը միտված նախաձեռնությունները՝ նշելով, որ կնոջը որպես անհատ կայացնելու, կարողություններն ու հմտությունները բացահայտելու և զարգացնելու ծրագրերը Շիրակի մարզում կյանքի կոչելն անհրաժեշտ է։

Հանդիպման ընթացքում նշվեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից առաջիկայում իրականացվելիք նոր ծրագրի մասին։
Ծրագիրն ուղղված է արցախյան պատերազմում վիրավորում ստացած, հաշմանդամություն ունեցող կամ սոցիալապես անապահով Շիրակի մարզի 18-30 տարեկան երիտասարդ տղաների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում կիրականացվի թիրախ խմբի կարիքների գնահատում, կտրամադրվեն կարողությունների զարգացման կրթական հնարավորություններ, խորհրդատվություն և ուղղորդում պետական աջակցության ծրագրերին, ինչպես նաև ծրագրի մեջ կներառվի աշխատանքային պրակտիկայի տարր, բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան աշխատանքային փորձ ձեռք բերել համապատասխան ոլորտներում:

Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը ևս մեկ անգամ նշեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից մարզում իրականացվող ու պլանավորված նոր ծրագրերի կարևորությունը և հայտնեց Շիրակի մարզպետարանի պատրաստակամությունը համագործակցելու և աջակցելու գործում։