«UPSHIFT ԻՋԵՎԱՆ» ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղի հասարակական կազմակերպությունների, մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և «UPSHIFT Իջևան» ծրագրին մասնակցած բոլոր թիմերը։
Օրվա մեկնարկը տրվեց «UPSHIFT Իջևան» ծրագրի ընթացքն ու արդյունքներն ամփոփող ցուցահանդեսով, որի ընթացքում ներկաները հնարավորություն ստացան ոչ-ֆորմալ միջավայրում դիտել յուրաքանչյուր թիմի անցած ուղին և վերջնարդյունքը։
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը շնորհակալություն հայտնեց ծրագրի մասնակից երիտասարդներին ծրագրերը հաջողությամբ մինչև վերջ իրականացնելու համար՝ չնայած վերջին ժամանակների խոչընդոտների: Նա նաև նշեց UPSHIFT ծրագրի կարևորությունը՝ որպես ոչ-ֆորմալ կրթության հնարավորություն երիտասարդների համար:
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունեց ծրագրի մասնակիցներին և ընդգծեց, որ երիտասարդների զարգացումը, նրանց կրթությունն ու գաղափարների իրագործումն իրենց առաջնահերթություններից են: Դեսպանը կարևորեց ծրագրին մասնակցած երիտասարդների դերը Հայաստանի կայուն ապագայի ձևավորման մեջ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծեց, որ այս ծրագիրը մարզային գործընկերության հիանալի օրինակ է, և պետական երիտասարդական քաղաքականության տեսանկյունից առաջնահերթ են հենց մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացումը, նրանց համար համապատասխան միջավայրի ձևավորումը:
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը նախքան ներկաներին ողջունելը խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել պատերազմում նահատակված հերոսների հիշատակը։
Այնուհետև նա հավատացրեց, որ առավել քան այս օրերին պետք է համայնքներում իրականացվեն նմանատիպ ծրագրեր, քանի որ դրանք հնարավորություն են տալիս երիտասարդներին լինել իրենց համայնքում թև և թիկունք, լինել նախաձեռնող, խնդիրներ բարձրացնող և լուծման ուղիներ փնտրող և գտնող:
Հաջորդիվ տեղի ունեցավ մասնակից երիտասարդների գաղափարների և ձեռքբերումների մասին պատմող հակիրճ տեսանյութի ցուցադրություն, որից հետո մասնակիցները ավելի մանրամասն պատմեցին համայնքային նախագծերի իրականացման մասին: «UPSHIFT Իջևան» ծրագրի արդյունքում մասնակիցները զարգացրեցին իրենց համայնքի մարտահրավերները բացահայտելու, սոցիալական ու ձեռնարկատիրական լուծումներ փորձարկելու կարողությունները, սովորեցին խնդիրների լուծման և քննադատական մտածողության, հաղորդակցության, կազմակերպչական գործընթացների կառավարման և 21-րդ դարի այլ հմտություններ: Միջոցառումն ավարտվեց շնորհակալագրերի հանձնման արարողությամբ:
*«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ: