07
Դկտ 2021
Կամավորների միջազգային օր 2021
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ես կամավոր եմ» խորագրով միջոցառում՝ նվիրված կամավորների միջազգային օրվան։
Ամենամյա իրականացվող այս միջոցառման ձևաչափն ընդլայնվել էր՝ միջոցառման մասնակցությունը հասանելի դարձնելով նաև Հայաստանի տարբեր քաղաքներում գործող կազմակերպությունների կամավորների համար:
Կամավորների միջազգային օրվա շրջանակներում նոյեմբերի 27-ից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջերով մեկնարկել էր «Ես Կամավոր եմ» խորագրով ուղերձ-ֆոտոարշավը, որն ուղղված էր հասարակության մեջ կամավորության դերի և նշանակության բարձրացմանը: Ուղերձ-ֆոտոարշավի շրջանակներում ներգրավվել էին տարբեր ոլորտների կարևոր դերակատարներ, հայտնի անձիք և երիտասարդներ, ովքեր իրենց ուղերձն են հղել կամավորների միջազգային օրվա կապակցությամբ:
Դեկտեմբերի 5-ին միջոցառումների մեկնարկը տրվեց «Համայնքային կամավորական աշխատանք» խորագրով նախաձեռնությամբ, որի շրջանակներում կամավորական խմբերը, Գյումրիում հյունընկալված «Եվրոպական Համերաշխության կորպուս» ծրագրի նախկին կամավորների տարեկան գնահատման հանդիպման հայ և վրացի մասնակիցների հետ միասին, Գյումրիում իրականացրին տարբեր կամավորական նախաձեռնություններ: Խմբերը՝
- Այցելեցին քաղաքային գրադարան՝ պահեստային գրքերի մաքրությունը և դասավորությունը կազմակերպելու համար:
- Այցելեցին միայնակ ապրող ծեր տատիկ, պապիկների՝ առօրյա կենցաղային գործերում օգնելու համար:
- Հետաքրքիր զարդարված «Կամավորական ավտոբուս»-ը շրջեց քաղաքում՝ քաղաքի մի ծայրից մյուսը մարդկանց անվճար տեղափոխելով, իսկ ընթացքում ԵՀԿ տարեկան գնահատման մասնակիցների մի խումբը կանգառներում հավաքված երիտասարդներին և «Կամավորական ավտոբուս»-ի ուղևորներին, իսկ մյուս երկու խմբերը Ռիժկովի ճեմափողոցում և Սայաթ-Նովա փողոցում՝ անցորդներին ներկայացրին «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի ընձեռած հնարավորությունները, անցկացրին հետաքրքիր վիկտորինաներ և հանձնեցին փոքրիկ մրցանակներ ու տեղեկատվական նյութեր:
Այնուհետև, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունենցավ «Տարվա կամավոր» անվանակարգում անցկացվող մրցանակաբաշխությունը: Միջոցառման մեկնարկը տրվեց ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի ողջույնի և շնորհավորական ելույթով, որին հաջորդեց մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցում էին Հայաստանի տարբեր քաղաքներում գործող կազմակերպությունների կողմից առաջադրված կամավորները, ովքեր իրենց համայնքներում 2021 թվականի ընթացքում որևէ կամավորական աշխատանք/նախաձեռնություն էին իրականացրել: Առաջադրված կամավորները պարգևատրվեցին «Տարվա կամավոր» մրցանակներով և պատվոգրերով, ինչպես նաև շնորհակալագրեր հանձնվեցին մյուս բոլոր կամավորներին՝ իրենց կատարած աշխատանքի և նվիրումի համար:
Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքն ամփոփվեց երեկոյան ոչ-ֆորմալ հավաքույթով, տոնակատարությամբ և տորթի կտրման ավանդական արարողությամբ։ Երեկոյի ընթացքում նաև պարգևատրվեցին Հայաստանում «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի կողմից կամավորների միջազգային օրվան ընդառաջ հայտարարված «Իմ պատմությունը 100 վայրկյանում» կարգախոսով տեսանյութերի մրցույթի հաղթող մասնակիցները:
Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումն իրականացվեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ: