ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ

Գյումրիում տեղի ունեցավ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի վերաբացման պաշտոնական արարողությունը:

2018 թվականից ի վեր կենտրոնը տարեկան ավելի քան 600 պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, ինչպես նաև նպաստող միջավայր՝ նրանց սոցիալականացմանը և համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը:

Սակայն բակի անբարեկարգ լինելու պատճառով անհարմարություններ էին առաջանում տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպես նաև հնարավոր չէր կենտրոնի ծառայությունները հասանելի դարձնելու հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիների և երիտասարդների համար։

Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կենտրոնը հարմարեցվեց հենաշարժողական խնդիրներ ունեցող երիտասարդների համար, իսկ բակի բարեկարգման արդյունքում երիտասարդները ունեցան առավել հարմարավետ, բարեկարգ, ներառական ու ապահով տարածք, որտեղ կշարունակեն կրթվել ու զարգանալ։

Տարածքը համայնքային մեծ կարևորություն ունի, քանզի այն արդեն իսկ դարձել է համայնքային պուրակ՝ ծառայելով առավել լայն շերտերի։

Վերաբացման պաշտոնական արարողությունը մեկնարկեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանի, Շիրակի մարզպետի օգնական Լիլիթ Մուրադյանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանի ողջույնի խոսքերով։

Այնուհետև տեղի ունեցավ ժապավենի կտրման արարողությունը կենտրոնի սաների կողմից։ Հյուրերը կենտրոնի սաների ուղեկցությամբ շրջայց կատարեցին և ծանոթացան կատարված աշխատանքներին։

Միջոցառումը շարունակվեց կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ:
Միջոցառումն ավարտվեց երաժշտությամբ և հյուրասիրությամբ։

«Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի բակի բարեկարգումը և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքի հարմարեցումը իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ 2021թվականին։