Ասյա Սեպխանյան եվ Ելենա Բաբայան – ԵԿԾ կամավորներ

IMG_3150Հմտությունները երբեք շատ չեն լինում: Իսկ միջազգային փորձից ձեռք բերած հմտությունները երբեք բավարար չեն լինում: Հենց արեցիր քո առաջին քայլը միջմշակութային միջավայրում, էլի ու էլի ես ուզում: Ես իմ առաջին ԵԿԾ քայլը արեցի 2018թ.-ի հուլիս ամսին: Ժամանակն էր օտար երկրում մարտահրավեր նետելու ինքս ինձ և մի քիչ մոռանալու «հարմարավետության զոնայի» մասին: Ես և իմ սիրելի ընկեր Ելենան միասին հաջողեցինք «Լեզվի և մշակութային մարտահրավեր» անվանումով ԵԿԾ ծրագիրը՝  Կենտրոնական Եվրոպայի հաճելի անկյուններից մեկում՝ Հունգարիայի Սեգեդ քաղաքում:

Այս ծրագրի շրջանակներում մենք հունգարացի պատանիների համար կազմակերպեցինք երկու ամառային ճամբար: Մենք նրանց ծանոթացրինք մեր մշակույթին և անգլերեն լեզվին: Ներգրավված կամավորների բազմազանությունը ծրագիրը էլ ավելի էր հարստացնում: Մենք բոլորս տարբեր տարիքի էինք, ունեինք տարբեր մասնագիտություններ և ազգություններ, և այսքանով հանդերձ մեզ հաջողվեց ստեղծել ընկերական միջավայր: Ճամբարների ընթացքում երեխաները ծանոթացան հայկական, իտալական, ֆրանսիական, էստոնական և թուրքական մշակույթներին՝ ավադույթներին, ազգային խոհանոցներին, պարերին, ինչպես նաև այդ երկրների լեզուներին: Մենք անում էինք ամեն հնարավորը՝ սովորում էինք նոր բառեր միմյանց լեզուներից, պատրաստում և ապրում էինք միասին…

Կցանկանաի մի քիչ պատմել մեր խելահեղ ապրելակերպի մասին, ինչը ծրագրի ամենից սիրելի հատվածն էր: Մենք ապրում էինք եզակի և հին հունգարական ուսանողական կացարանում տեղի այլ ուսանողների հետ: Նրանցից մեկը, ով սովորում էր Սեգեդի հայտնի համալսարանում, պատմաբան էր և գրեթե ամեն ինչ գիտեր պատմական Հայաստանի մասին: Այսպիսով, մեր աշխատանքային օրերի ավարտին  ընդհանուր շատ թեմաներ ունեինք խոսելու:

Սեգեդը տուրիստ սիրող քաղաք է՝ տիպիկ եվրոպական ճարտարապետությամբ: Մեր հունգարական կյանքի անբաժանելի մասը գյուղացիների շուկան էր, որտեղ մենք շփվում էինք հունգարացիների հետ, ովքեր չէին խոսում անգլերեն և նրանցից գնում էինք հունգարական համեղ ու ախորժալի մրգեր և բանջարեղեններ: Չնայած նրան, որ մենք չգիտեինք հունգարերեն,  ամբողջությամբ ինտեգրվել էինք իրենց հասարակությունում: Եվ դա առավել քան հետաքրքիր էր: Մեզ համար մեկ այլ զարմացնող փաստ էր հունգարացիների մեծ սերը դեպի պաղպաղակը: Նրանք շատ էին ուտում այն, ամեն ժամ և ամենուր: Իրոք, որ արժի համտեսել:

Այս ծրագիրը հնարավորություն տվեց մեզ լինել առանց սահմանների և կարծրատիպերի աշխարհի մի մասը, որտեղ կա ընկերություն և արկածներ և որտեղ դու կարող ես մեծանալ ու սովորել ամեն օր:

Մեր անմոռանալի օրերի համար շնորհակալ ենք մեր ուղարկող կազմակերպությանը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին և մեզ հյուրընկալող կազմակերպությանը Talentum Foundation-ին: Ի դեմս նրանց մեր կամավորական ծրագիրը հեշտ էր, արդյունավետ և ուրախ:

Ձեր՝

Ասյա և Ելենա

IMG_3790IMG_4569IMG_4612 IMG_4979