Մեկնարկեց «Սահմաններից վեր 2017-2019» ծրագիրը

12017 թ. հուլիսի 4-ին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրիում հայտարարեցին «Սահմաններից վեր 2017-2019» (Հայաստան-Թուրքիա Երկխոսության ծրագրեր, Ճանապարհորդական դրամաշնորհ և Փորձի փոխանակման նախագիծ) ծրագրի պաշտոնական մեկնարկի մասին, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից: Տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթը և հանդես եկավ բացման խոսքով: Միջոցառման կազմակերպիչներն ու հյուրերը խոսեցին Հայաստան-Թուրքիա համագործակցության մասին՝ կարևորելով երկու երկրների միջև փոխադարձ կապը տարբեր ոլորտներում՝ գիտություն, մշակույթ, արվեստ, երիտասարդություն և կամավորություն, լրագրություն, կրթություն, գործարարություն և այլն: Ինչպես ներկայացրեց «Սահամաններից վեր» ծրագրային թիմը՝ ծրագրի շրջանակներում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի 150 անհատի, ովքեր ցանկանում են կոնկրետ նպատակով այցելել հարևան երկիր՝ հոգալով նրանց երկկողմ ճանապարհածախսը: Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը Հայաստանից և Թուրքիայից 10 մասնագետի հնարավորություն կընձեռի ապրել և հատուկ ծրագրերի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի հյուրընկալող կազմակերպությունում՝ 4-ից 8 ամիսների ընթացքում։ Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերը հնարավորություն կտան մեկ շաբաթանոց անհատական մոտեցմամբ նախագծված փոխանակման ծրագրեր/ուսումնական այցելություններ կազմակերպել մասնագետների համար, ովքեր համագործակցություն կհաստատեն տարբեր թեմատիկ ոլորտներում՝ ներառյալ կրթություն, մեդիա, առողջապահություն, տեխնոլոգիաներ, երիտասարդություն, մշակույթ, արվեստ և քաղաքացիական հասարակություն։ Շնորհիվ Միացյալ Թագավրության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության՝ 2017-2019թթ. Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ կշարունակեն խրախուսել երկու հարևան երկրների միջև փակ սահմանի հետևում անհատական և ինտիտուցիոնալ կապերը, ինչպես նաև ոլորտային գետելիքի փոխանակումը:

0  4  7   9

Տեսնել ավելին