Արմինե Բադալյան

____________-________________Ուզում եմ մի փոքր խոսել կամավորական ծրագրիս մասին, որն իրականացնրի Իտալիայում, Սիցիլիայի Աչիռեալե կոչվող մի փոքր քաղաքում։ Սիցիլիայում ամեն ինչ տաք է, սնունդը, մարդիկ, մթնոլորտը… Բայց խնդիրներ էլ կային, ու քիչ չէին …
Ծրագիրս մշակութային էր, խաղում էի թատրոնում, թատրոնն ինձ շատ բան է տալիս, օգնում եմ բազում մշակութային միջոցառումների իրականացմանը, ինքս ղեկավարում եմ լուսանկարչության խմբակը տեղացիների և փախստականների հետ, նաև սկսել եմ ռուսերենի դասընթաց սկսնակների համար։ Օրերս սկզբում մի քիչ պարապ էին անցնում, բայց վերջերս արդեն լեցուն էին։ Շատ տպավորիչ ճարտարապետություն ունի Իտալիան, գումարած բնությունը։ Կկարոտեմ հաստատ։
Սիցիլիայում ապրող հայերի չեմ հանդիպել։ Հայի կարոտ էի, կհասկանան ոմանք ինձ, շատ քաղցր ենք մենք, շատ քաղցր, չնայած այստեղ ժողովրդական լեզվով ասած «ջիգյարի» պակաս չեմ զգում։ Միայն դեկտեմբերին մի հայ եկավ մեր կազմակերպություն, ով 9 ամիս իմ քաղաքում էր ապրել, հիմա տեղափոխվել է Իտալիայի հյուսիս աշխատելու, քանզի այստեղ աշխատանք չկար։ Հենց մեր կազմակերպության աղջիկների հետ մտավ սրահ, որ ինձ հետ ծանոթանա, տեսա վերջինիս, ասաց՝ բարև, ու արցունքներն անմիջապես հորդեցին աչքերիցս։ Կարոտը խեղդեց։ Ընկերացանք միանգամից։
Հիմա ուզում եմ դադարել իմ մասին խոսելուց, ուզում եմ ձեր մասին խոսել, խորհուրդներ տալ բոլոր նրանց, ովքեր ուզում են Եվրոպական Կամավորական Ծառայություն անել։ Արե՛ք անպայման, իրականացրեք, ինչքան շուտ, այնքան լավ։ Այն մարդիկ, ովքեր երկար տարվա պատասխանատու աշխատանքային փորձ ունեն ու կայացած են, մի քիչ բարդ է, քանզի շատ ավելի պատասխանատվությամբ ենք վերաբերվում, ու մոռանում ենք, որ կամավոր ենք։

Մինչ մեկնելը, կունենաք վախեր, կունաք մտորումներ, անհանգստություն, դա նորմալ է, բայց հենց տեղ հասնեք, ամեն ինչ կանցնի։
Ձեր կամավորական ծրագրի ընթացքում եղե՛ք ձեռնարկող, շատ ճանապարհորդեք, մի՛ հուսախաբվեք, եթե հանկարծ ծրագիրը ձեր սրտով չլինի,եթե անգամ որոշ ժամանակ ձանձրանաք, գտեք հետաքրքրություններ, էլի՛ ճամփորդեք, նոր մարդկանց հանդիպեք, ոչնչից մի՛ վախեցեք։ Փորձեք ամեն կերպ նոր ծրագրեր առաջարկել, իրականացնել, եղեք ակտիվ։ Շատ բան է կախված նաև ձեր կազմակերպությունից, լինում են կազմակերպություններ, որ չեն հոգում ոչ մի բանի մասին, ո՛չ՝ թե ինչպես եք անցկացնում ձեր օրերը, ո՛չ՝ թե ինչպես է անցնում ձեր ծրագիրը կամ ձեր սեփական մտահաղացումներին հարթակ չի տալիս, բայց դրան էլ լուծում կա։
Ըստ արժանվույն ներկայացրեք մեր հայրենիքը, մշակույթը, պատմությունն ու ավանդույթները, ինչպես նաև մեզ՝ հայերիս։ Եղեք ջերմ, մարդամոտ, ընդունեք մարդկանց ինչպիսին, որ կան, և նաև այն բոլոր դասերը, որ կքաղեք ի շնորհիվ նրանց (լավ, թե վատ) և ի շնորհիվ ձեր հիասքանչ կամավորական փորձի։
Սիրե՛ք ձեր հայրենիքը, քանզի այդպիսով այլ մարդիկ էլ կսիրեն։ Միշտ հիշեք, որ դուք եք ձեր երկրի պատկերը։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ։