«ԳԱՎԱՌԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏԱՆ» ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄ

2022թ. հոկտեմբերի 13-ին Գավառ համայնքում տեղի ունեցավ Հայաստանում հինգերորդ բաց երիտասարդական կենտրոնի՝ «Գավառի երիտասարդների տան» պաշտոնական բացման արարողությունը:
Երիտասարդների տունը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի մոդելով ստեղծված 5-րդ կենտրոնն է Հայաստանում:
Հետագա հինգ տարիներին Կենտրոնի գործարկումը ևս իրականացնելու է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Գավառի համայքապետարանի հետ համագործակցությամբ:

Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավվածություն ունենալուն: Կենտրոնը 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, այն նաև բարենպաստ միջավայր է՝ նրանց սոցիալականացման և համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար:

Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Գեղարքունիքի մարզպետի առաջին տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մարզային և տեղական իշխանությունների, ոստիկանության, տեղի հասարակական կազմակերպությունների և դպրոցների ներկայացուցիչներ:

Պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ով իր ելույթում նշեց, որ Յուրաքանչյուր համայնք դեռահասների համար նախատեսված վայրերի և ծառայությունների մատուցման կարիք ունի, որպեսզի նրանք կարողանան օգտվել ոչ ֆորմալ կրթական հնարավորություններից, փորձեն միասին լուծել համայնքային խնդիրները, սովորեն թիմում աշխատել՝ դառնալով իրենց համայնքի ակտիվ ներկայացուցիչներ։

Գավառի փոխհամայնքապետ Գրիգոր Դաշտոյանը փոխանցեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը․ «Երիտասարդները մեր համայնքի ողնաշարն են, այդ իսկ պատճառով ներդրումներ ենք կատարել հօգուտ դեռահասների և երիտասարդների այս նոր ծառայության ստեղծմանը՝ բոլորի համար զարգացման համապատասխան հնարավորություններ և ռեսուրսներ ստեղծելու համար: Սա համայնքի ներառականությունն ապահովելու գործում կարևոր օղակ է, քանի որ այն կծառայի նաև Գավառի մանկատանը։ Համոզված ենք, որ այսօրվանից այս կենտրոնը դառնալու է մեր երիտասարդների սիրելի վայրը»։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ և Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը իր ելույթում նշեց, որ բաց երիտասարդների կենտրոնները հիանալի հնարավորություններ են ստեղծում դեռահասների և երիտասարդների համար՝ զարգանալու, իրենց ձայնը լսելի դարձնելու, համայնքային կյանքին մասնակցելու և իրենց հմտություններն ու աշխատունակությունն ընդլայնելու համար։ Հայաստանում Երիտասարդների տան ստեղծումը ներդրում է ապագայի մեջ»:
Այնուհետև տեղի ունեցավ ցուցանակի բացման և ժապավենի կտրման արարողությունը։

Հյուրերը կենտրոնի սաների ուղեկցությամբ շրջայց կատարեցին և ծանոթացան կենտրոնի գործունեությանն ու տրամադրվող ծառայություններին։
Միջոցառումը շարունակվեց կենտրոնի սաների հետ միասին տարատեսակ խաղեր փորձարկելով։ Միջոցառումն ավարտվեց երաժշտությամբ և հյուրասիրությամբ։

Տարեկան 400-500 պատանի և երիտասարդ Գավառ խոշորացված համայնքից հնարավորություն կստանա օգտվելու կենտրոնի կողմից տրամադրվող երիտասարդական աշխատանքի, կրթական, մշակութային, առողջ ապրելակերպը խթանող, մասնագիտական կողմնորոշման, կազմակերպված ժամանցի ծառայություններ։

Կենտրոնը ստեղծվել և կահավորվել է 2022թ.-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ Գավառի համայնքապետարանի աջակցությամբ: