երիտասարդների միջազգային օր 2016
2016թ. օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ «Գյումրի՝ երիտասարդների քաղաք 2016» խորագրի ներքո Գյումրիում իրականացրեց երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետի հետ տեղի ունեցած ճանաչողական հանդիպմամբ, որին ներկա էին Գյումրիում հյուրընկալված «ԵԿԾ-Եվրոպական կամավորական ծառայություն» տարածաշրջանային երիտասարդական հավաքի մասնակիցները և Եվրամիության ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները:
Ճանաչողական հանդիպմանն անմիջապես հաջորդեց մամուլի ասուլիսը, որի նպատակն էր Գյումրու երիտասարդներին, Գյումրիում գործող կազմակերպություններին և մեդիա ներկայացուցիչներին ներկայացնել երիտասարդների միջազգային օրվան նվիրված Գյումրիում իրականացվելիք միջոցառումները և խոսել Եվրամիության «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի և վերջինիս ընձեռած հնարավորությունների մասին:
Ավելի ուշ, Ռիժկովի ճեմափողոցում, տեղի ունեցավ երիտասարդական էքսպո-ցուցահանդես, որին մասնակցում էին Շիրակի մարզում գործող տարբեր երիտասարդական, մշակութային, կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ, կենտրոններ ու ոչ-ֆորմալ խմբեր:
Միջոցառումների շարքը շարունակվեց ֆլեշ մոբով, որի ընթացքում Գյումրու ֆուտբոլի մարզադաշտում տեղի երիտասարդների և Գյումրիում հյուրընկալված «ԵԿԾ-Եվրոպական կամավորական ծառայություն» տարածաշրջանային երիտասարդական հավաքի մասնակիցների կողմից պատկերվեցին GYUMRI YOUTH, EVS և YIC բառերը, որոնք նկարահանվեցին «Աէրո» թռչող սարքի միջոցով:
Երիտասարդների օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Գյումրու կենտրոնական հրապարակում կազմակերպված բացօթյա համերգով` Երևանից ժամանած «Արփի և Hayway» փոփջազային բենդի մասնակցությամբ:
Միջոցառման իրականացմանն աջակցեցին ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնը, «Կաֆե Նանսի» սրճարանը, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, Գյումրու երիտասարդական պալատը, «Դիզայն Բուտիկ», «4D», «Թայմ Փրոդաքշն» ընկերությունները և Գյումրու քաղաքապետարանը: