«Երիտասարդական աշխատանք – երիտասարդական աշխատող» քառօրյա սեմինար
Գյումրու ‹‹Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն›› ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ‹‹Գյումրին 2016թ. Երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը իրականացրեց ‹‹Երիտասարդական աշխատանք – երիտասարդական աշխատող›› խորագիրը կրող ծրագիրը՝ ուղղված երիտասարդական աշխատողների կրթմանը և տեղեկացվածության բարձրացմանը: Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում երիտասարդական աշխատողի ինստիտուտի կայացմանն և զարգացմանը՝ վերհանելով և քննարկելով երիտասարդական աշխատողների գործառույթներին, ունակություններին, ինչպես նաև երիտասարդական աշխատողի ինստիտուտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Քառօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան երիտասարդական աշխատանքի հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի տեսակներին և ՀՀ-ում դրանց առանձնահատկություններին, տրամադրվեց տեղեկատվություն ՀՀ-ում երիտասարդական աշխատանքի նպատակների, արժեքների, սկզբունքների, իրավական կարգավիճակի, երիտասարդական աշխատողի գործառույթների, ունակությունների փաթեթի, էթիկական նորմերի և մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների մասին: Մասնակիցները հնարավորություն ունեցան աշխատանքային հանդիպում ունենալ երիտասարդական ոլորտի հրավիրված փորձագետների, այդ թվում նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանի հետ, ով ներկայացրեց պետական երիտասարդական քաղաքականությունն ու երիտասարդական աշխատանքի ինստիտուտի զարգացման հեռանկարները Հայաստանում։ Սեմինարին մասնակցում էին 20 երիտասարդական աշխատողներ ՀՀ տարբեր մարզերից: