ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում են ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» թեմաներով դասընթացին:
Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում երիտասարդական տեղական քաղաքականությունների մշակմանը և համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպմանը տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։
Ի՞նչ սպասել դասընթացից․
- Երիտասարդական տեղական քաղաքականության սկզբունքների և մշակման մասին իրազեկվածություն,
- Համայնքային երիտասարդական աշխատանքի հնարավոր մոդելների և առանձնահատկությունների, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով ԿԳՄՍՆ-ի կողմից դրամաշնորհային ծրագրի հայտի լրացման, հաշվետվությունների ներկայացման կարգի ու առանձնահատկությունների մասին տեսական գիտելիքներ և կիրառելի հմտություններ,
- Երիտասարդների մասնակցության ընկալումներ,
- Ներհամայնքային և միջհամայնքային կապերի ստեղծման, համախոհների և հավասարակիցների միջավայրում փորձի փոխանակման հնարավորություն,
- Երիտասարդական ոլորտի երկարամյա փորձառություն ունեցող մասնագետների կողմից մշակված ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով կրթական ծրագիր:
Ո՞վքեր կարող են դիմել․
Դիմում հայտը պետք է ներկայացնել համայնքի անունով՝ հայտի մեջ միաժամանակ ներառելով համայնքից առաջադրվող չորս մասնակիցների՝ ՏԻՄ երկու և երիտասարդական ոլորտի երկու ներկայացուցիչների տվյալները:
Դիմելուց առաջ անհրաժեշտ է ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություն՝ դասընթացի ընթացքում և դրա ավարտին համատեղ մեկ համայնքի անունից հանդես գալու համար:
Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչը պետք է՝
- Լինի 18 և ավելի տարեկան,
- Հանդիսանա համայնքապետարանի աշխատակից, վարչական ղեկավար կամ ավագանու անդամ։
Երիտասարդական ոլորտի ներկայացուցիչը պետք է՝
- Բնակվի տվյալ համայնքում,
- Լինի տվյալ համայնքում գործող երիտասարդական կառույցի ղեկավար, երիտասարդական ծրագրերի պատասխանատու և/կամ երիտասարդ առաջնորդ,
- Անդամակցի համայնքում գործող երիտասարդական ակտիվ խմբի, երիտասարդական կազմակերպության, երիտասարդական խորհրդի կամ այլ երիտասարդական կառույցի։
Ե՞րբ․ Դասընթացն անցկացվելու է երկու խմբով. յուրաքանչյուր խմբում ընդգրկվելու է 6 համայնք՝ չորսական ներկայացուցիչներով:
Առաջին խումբ: Ապրիլի 15-ից 19-ը
Երկրորդ խումբ։ Մայիսի 7-ից 11-ը
*Մասնակիցների բաշխումը խմբերի կիրականացվի կազմակերպիչների կողմից՝ հաշվի առնելով դիմորդների աշխարհագրությունը։
Որտե՞ղ. Դասընթացի անցկացման վայրը վերջնական հստակեցման փուլում է։ Մասնակիցները կհյուրընկալվեն երկտեղանոց սենյակներում։
*Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:
**Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։
Դիմելու կարգը․
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը: Գրանցվելու վերջնաժամկետն է մարտի 28-ը, ժամը` 14:00-ն:
Հարցերի և մանրամասների համար, կարող եք կապ հաստատել դասընթացի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանի հետ՝ գրելով julieta.sargsyan@yic.am էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն)։
Դասընթացն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ: