Հանդիպում Տավուշի փոխմարզպետի հետ

Տավուշի մարզում «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոն ստեղծելու նպատակով ապրիլի 1-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի համակարգող Աստղիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցան Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանի հետ։

Հանդիպման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը ներկայացրեց երիտասարդների կրթության, զբաղվածության, առողջ ապրելակերպին ուղղված ներդրումային ծրագրերի մասին:
Մասնավորապես խոսվեց`ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի ստեղծելու,
«Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարության երկամսյա դպրոցի,
«Հայրերի դպրոց» հանդիպում-քննարկումների,
Տեղեկատվական արշավների և հանրային միջոցառումների կազմակերպման մասին:

Մարզպետի տեղակալը, շեշտելով Տավուշի մարզում վերջին տարիների ընթացքում ամուսնությունների ցուցանիշի կտրուկ նվազումը, կարևորեց «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի ստեղծումը, երիտասարդ տղաների ու աղջիկների, երիտասարդ ընտանիքների շրջանում դրական ծնողավարության վերաբերյալ վերապատրաստումների և կրթական-տեղեկատվական արշավների կազմակերպումը։

Կողմերի միջև նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Տավուշի մարզպետարանի աջակցությամբ համապատասխան տարածքի ապահովման հարցում:

Հանդիպման ավարտին Տավուշի մարզպետի տեղակալը նշեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից մարզում իրականացվող ու պլանավորված նոր ծրագրերի կարևորությունը և հայտնեց Տավուշի մարզպետարանի պատրաստակամությունը համագործակցելու և աջակցելու գործում։