ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ ԱՐԹԻԿՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հուլիսի 3-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և Արթիկի համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ 2023 թվականին Արթիկում երիտասարդական կենտրոն հիմնելու մասին: Կենտրոնը համայնքահեն ծառայություններ է տրամադրելու դեռահասներին և երիտասարդներին:

Առաջիկա վեց ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը Արթիկի համայնքապետարանի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ վերանորոգելու, կահավորելու, ինչպես նաև կենտրոնը համալրելու է երեխաների, դեռահասների և երիտասարդների համար նախատեսված պարագաներով, զարգացնող խաղերով, ուսումնական և տեղեկատվական նյութերով։

«Այս երիտասարդական կենտրոնի ստեղծման միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի Արթիկի և հարակից համայնքների դեռահասներին և երիտասարդներին՝ օգտվելու ոչ ֆորմալ կրթությունից, զարգացնելու իրենց կյանքի հմտությունները և խթանելու իրենց ներուժը քաղաքացիական ներգրավվածության, նորարարության և ձեռներեցության ոլորտում: Այս երիտասարդների տունը կլինի բազմաթիվ գործընկերների միջև համագործակցության կարևոր օրինակ՝ տեղական կառավարությունից մինչև սփյուռք և քաղաքացիական հասարակություն՝ օգնելու ստեղծել որակյալ համայնքային ծառայություն դեռահասների համար», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը իրականացնելու է Արթիկի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնի հիմնադրման աշխատանքները, ապահովելու է կենտրոնի գործարկումը և երիտասարդներին տրամադրելու է զարգանալու ոչ-ֆորմալ կրթությամբ գիտելիքները հարստացնելու, հասակակիցների հետ ապահով հաղորդակցվելու համայնքահեն երիտասարդակենտրոն ծառայություններ:

 «Լիահույս ենք, որ երիտասարդների տունը կդառնա հարթակ Արթիկի երիտասարդների համար իրենց համայնքի զարգացման գործում բովանդակալից մասնակցություն ունենալու, ինչպես նաև իրենց տեսակետներն ու կարծիքները բարձրաձայնելու համար: Մենք կաջակցենք նրանց ձեռք բերել կիրառելի հմտություններ, ներկայացնել իրենց փորձը, լուծումներ առաջարկել և համատեղ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն նրանց սահուն անցում կատարել դեպի չափահասություն ու աշխատաշուկա»,- նշել է ԵՆԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

Արթիկի համայնքապետարանը տրամադրել է երիտասարդների տան հիմնադրման համար տարածք և աջակցելու է վերանորոգման աշխատանքներին։ 2024 թվականի հունվարից համայնքապետարանը բյուջե կտրամադրի կենտրոնի ընթացիկ ծախսերը որպես համայնքահեն ծառայություն հոգալու համար, ներառյալ՝ աձնակազմի աշխատավարձերն ու կոմունալ ծառայությունները:

«Արթիկի երիտասարդները մեծ ներուժ ունեն համայնքի ակտիվ անդամ դառնալու և իրենց երկրի զարգացմանը նպաստելու համար։ Նրանցից ոմանք ավագանու անդամ են։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս դեռահասների առողջ զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան օգտագործել իրենց ողջ ներուժը, և «Երիտասարդների տան» միջոցով պատրաստ ենք հետագայում ևս աջակցելու նրանց» ,- նշել է Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը:

Արտակարգ իրավիճակների դեպքում երիտասարդների տունը պատրաստ կլինի նաև ծառայելու որպես անվտանգ, երեխաներին հարմարեցված անկյուն, որտեղ երեխաները, դեռահասները և երիտասարդները կկարողանան հոգեսոցիալական աջակցություն ստանալ: