«ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳԻՐ
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի մարտին։ Ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից Արևելյան Եվրոպայի վեց երկրներում` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա:
Հայաստանում ծրագիրն իրականացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։
Ծրագրի նպատակն է ամրապնդել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ կանանց ու տղամարդկանց դերերի հանրային ընկալումները փոխելու, գենդերային կարծրատիպերը հաղթահարելու և երեխաների խնամքի, ծնողավարման մեջ տղամարդկանց մասնակցությունը խթանելու միջոցով։
Ծրագրի շահառուններն են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 18-40 տարեկան
երիտասարդ տղամարդիկ և կանայք, հայրիկներն ու մայրիկները:
Ծրագրի գործողությունների շրջանակներում ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը համագործակցում է ոլորտային նախարարությունների, մարզային իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետ։
Նախատեսված գործողությունները ներառում են՝
- Երեք մարզերում «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնների ստեղծում և երիտասարդ զույգերի համար կրթական հանդիպումների անցկացում,
- Բուժաշխատողների իրազեկվածության բարձրացում հետծննդյան խնամքում տղամարդկանց ներգրավվածության մեծացման կարևորության վերաբերյալ,
- Քահանաների և սոցիալական աշխատողների իրազեկվածության բարձրացում կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հարցերի և պատասխանատու ծնողավարման վերաբերյալ,
- Օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված գործողություններ և ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի պիլոտային ծրագրի մշակում և իրականացում միջազգային չափանիշների և ծրագրի շրջանակներում մշակվելիք տարածաշրջանային ուղեցույցների հիման վրա։
Ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ—ի կողմից իրականացվող գործողություններն են՝
- «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնների հիմնում Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում,
- «Հոգատարություն հանուն հավասարության» խորագրով ծնողավարման երկամսյա դասընթացների կազմակերպում Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ,
- «Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպումների և քննարկումների կազմակերպում՝ ուղղված դրական ծնողավարմանը և երեխաների խնամքի մեջ տղամարդկանց մասնակցության խթանմանը, կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը,
- Տեղեկատվական արշավների և հանրային միջոցառումների կազմակերպում`ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի հանրային ընկալումները փոխելուն և կարծրատիպերի հաղթահարմանը, հասարակության լայն զանգվածների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը,
- Շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ուսուցողական այցի կազմակերպում նախածննդյան խնամքում տղամարդկանց ներգրավման և պատասխանատու ծնողավարման լավագույն փորձ ունեցող երկիր՝ հետագայում մոդելը համապատասխանեցնելու և Հայաստանում կիրառելու նպատակով: