«Արմավիրի երիտասարդների տուն» պաշտոնական բացում

 2022թ. հուլիսի 28-ին Արմավիր համայնքում տեղի ունեցավ Հայաստանում չորրորդ բաց երիտասարդական կենտրոնի՝ «Արմավիրի երիտասարդների տան» պաշտոնական բացման արարողությունը:
 Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավվածություն ունենալուն: Կենտրոնը 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, այն նաև բարենպաստ միջավայր է՝ նրանց սոցիալականացման և համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար:
 Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վեյգանդը, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Րիկա Օնոդերան, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։
 Այնուհետև տեղի ունեցավ ցուցանակի բացման և ժապավենի կտրման արարողությունը։ Հյուրերը կենտրոնի սաների ուղեկցությամբ շրջայց կատարեցին և ծանոթացան կենտրոնի գործունեությանն ու տրամադրվող ծառայություններին։
 Միջոցառումը շարունակվեց կենտրոնի սաների հետ միասին տարատեսակ խաղեր փորձարկելով։ Միջոցառումն ավարտվեց երաժշտությամբ և հյուրասիրությամբ։
* Կենտրոնը ստեղծվել և կահավորվել է 2022թ.-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության և Արմավիրի համայնքապետարանի աջակցությամբ: