Ասյա Սեպխանյան եվ Ելենա Բաբայան – ԵԿԾ կամավորներ
Այս ծրագրի շրջանակներում մենք հունգարացի պատանիների համար կազմակերպեցինք երկու ամառային ճամբար: Մենք նրանց ծանոթացրինք մեր մշակույթին և անգլերեն լեզվին: Ներգրավված կամավորների բազմազանությունը ծրագիրը էլ ավելի էր հարստացնում: Մենք բոլորս տարբեր տարիքի էինք, ունեինք տարբեր մասնագիտություններ և ազգություններ, և այսքանով հանդերձ մեզ հաջողվեց ստեղծել ընկերական միջավայր: Ճամբարների ընթացքում երեխաները ծանոթացան հայկական, իտալական, ֆրանսիական, էստոնական և թուրքական մշակույթներին՝ ավադույթներին, ազգային խոհանոցներին, պարերին, ինչպես նաև այդ երկրների լեզուներին: Մենք անում էինք ամեն հնարավորը՝ սովորում էինք նոր բառեր միմյանց լեզուներից, պատրաստում և ապրում էինք միասին…
Կցանկանաի մի քիչ պատմել մեր խելահեղ ապրելակերպի մասին, ինչը ծրագրի ամենից սիրելի հատվածն էր: Մենք ապրում էինք եզակի և հին հունգարական ուսանողական կացարանում տեղի այլ ուսանողների հետ: Նրանցից մեկը, ով սովորում էր Սեգեդի հայտնի համալսարանում, պատմաբան էր և գրեթե ամեն ինչ գիտեր պատմական Հայաստանի մասին: Այսպիսով, մեր աշխատանքային օրերի ավարտին ընդհանուր շատ թեմաներ ունեինք խոսելու:
Սեգեդը տուրիստ սիրող քաղաք է՝ տիպիկ եվրոպական ճարտարապետությամբ: Մեր հունգարական կյանքի անբաժանելի մասը գյուղացիների շուկան էր, որտեղ մենք շփվում էինք հունգարացիների հետ, ովքեր չէին խոսում անգլերեն և նրանցից գնում էինք հունգարական համեղ ու ախորժալի մրգեր և բանջարեղեններ: Չնայած նրան, որ մենք չգիտեինք հունգարերեն, ամբողջությամբ ինտեգրվել էինք իրենց հասարակությունում: Եվ դա առավել քան հետաքրքիր էր: Մեզ համար մեկ այլ զարմացնող փաստ էր հունգարացիների մեծ սերը դեպի պաղպաղակը: Նրանք շատ էին ուտում այն, ամեն ժամ և ամենուր: Իրոք, որ արժի համտեսել:
Այս ծրագիրը հնարավորություն տվեց մեզ լինել առանց սահմանների և կարծրատիպերի աշխարհի մի մասը, որտեղ կա ընկերություն և արկածներ և որտեղ դու կարող ես մեծանալ ու սովորել ամեն օր:
Մեր անմոռանալի օրերի համար շնորհակալ ենք մեր ուղարկող կազմակերպությանը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին և մեզ հյուրընկալող կազմակերպությանը Talentum Foundation-ին: Ի դեմս նրանց մեր կամավորական ծրագիրը հեշտ էր, արդյունավետ և ուրախ:
Ձեր՝
Ասյա և Ելենա