Հանդիպում ՄԱԿ-ի բնակչության հիմնարդամի և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ

Սեպտեմբերի 10-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Շիրակի մարզում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի պատասխանատուներ Նարինե Բեգլարյանը և Էդուարդ Իսրայելյանը հանդիպեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում Ծովինար Հարությունյանը ներկայացրեց Շիրակի մարզում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված և նախատեսվող ծրագրերը:
Նշվեց, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունը կենտրոն» ՀԿ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համար ավանդույթ է դարձել ամեն տարի Երիտասարդության միջազգային օրը Շիրակում՝ Գյումրիում նշելը: Այս տարի նույնպես, թեպետ COVID-19 համավարակի պատճառով օրվա շրջանակներում զանգվածային միջոցառումներ տեղի չունեցան, սակայն մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ կյանքի կոչվեցին Շիրակի մարզում, այդ թվում՝ վճարվող աշխատանքային պրակտիկայի հնարավորություն երիտասարդների համար, երիտասարդներին ուղղված յուրահատուկ տեսաուղերձների մրցույթ, ուղերձներ պարունակող վահանակների տեղադրում Գյումրու կենտրոնական հատվածներում։
📌 Հանդպիման ընթացքում ներկայացվեցին Եվրամիության ֆինանսավորմամբ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում մեկնարկող երեք ծրագրերի մասին՝
🔸«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Գյումրիում կստեղծվի «Ընտանիքի անկյուն», որտեղ անցկացվելու են հանդիպումներ, դասընթացներ և միջոցառումներ երիտասարդ տղաների ու աղջիկների, հայրիկների և մայրիկների համար՝ ուղղված կանանց և տղամարդկանց հավասարության խթանմանը, երեխայի խնամքի հարցում տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը, կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը:
🔸«Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացումը Հայաստանում ժողովրդավարության բարելավման համար» ծրագրի շրջանակներում կանայք հնարավորություն կունենան ծրագրել սեփական կարիքներին համապատասխան նախաձեռնություններ, կակտիվացվի «կանանց կողմից՝ կանանց համար» աջակցության շրջանակը: Կընդլայնվի կանանց ռեսուրսային կենտրոնների մոդելը՝ դրանք դարձնելով առավել ներառական:
🔸 Քննարկվեց առաջիկայում կայանալիք համազգային հետազոտության իրականացման մասին, որն ուղված կլինի երիտասարդների հոգեկան առողջության և COVID-19 համավարակի ազդեցության ուսումնասիրմանը:
📌 Շիրակի մարզպետը նշեց ծրագրերի կարևորության, մարզի և բնակչության առանձնահատկությունների մասին, պատրաստակամություն հայտնեց աջակցելու ցանկացած հարցում։