«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃԱՆԱՉՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
Ուրախությամբ հայտնում ենք, որ 2019 թվականի հունվարի 8-ից մեկնարկել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է` նպաստել Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի (այսուհետ՝ ԲԵԱ) ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական և միջազգային փորձի ջատագովության և հանրային քաղաքականությունների բարելավման միջոցով:
Ծրագրի խնդիրներն են` ուսումնասիրել ԲԵԱ միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայաստանում ԲԵԱ մոդելի ներդրման անհրաժեշտությունն ու հնարավորությունները, նպաստել Հայաստանում ԲԵԱ զարգացման շուրջ միջսեկտորալ և ՔՀԿ-Կառավարություն-ՏԻՄ համագործակցության ձևավորման, բացահայտել միջազգային ցանցերին անդամակցելու հնարավորություններն ու նպաստել ԲԵԱ տեղական ցանցի ձևավորմանը:
Ծրագիրն իրականացվում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով: