Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար ծրագիր

Մայիսի 11-ին «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 3 խմբերի 75 մասնակից դեռահասները և ծրագրային թիմի անդամները հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։

Հանդիպումը մեկնարկեց ծրագրի ղեկավար Գայանե Առաքելյանի կողմից ծրագրի ու իրականացված աշխատանքների ներկայացմամբ։ Այնուհետև դեռահասները ներկայացրեցին Շիրակի մարզում իրականացված, համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված 12 նախաձեռնությունները, խոսեցին իրենց կողմից ձեռքբերված հմտությունների և գիտելիքների մասին:

Պարոն Հարությունյանը, ողջունելով երիտասարդների ակտիվությունը և նախաձեռնողականությունը, նշեց, որ պատրաստ է աջակցելու նրանց հետաքրքիր գաղափարների կյանքի կոչման հարցում: Մասնակիցները պարոն Հարությունյանին նաև հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:

Շնորհակալություն ենք հայտնում Հովհաննես Հարությունյանին՝ հանդիպումը իրականություն դարձնելու համար։

«Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից։