Կամավորության միջազգային օր
Երբ. Դեկտեմբեր 5, 2012
Նկարագրություն. Դեկտեմբերի 5-ին, ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվեց միջոցառում` Կամավորության միջազգային օրվան նվիրված: Միջոցառման կազմակերպման գործում իրենց մեծ ներդրումն ունեին կազմակերպության տեղական ու միջազգային կամավորները:
Միջոցառումը բաղկացած էր 4 բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված էր կամավորության վերաբերյալ տարբեր տեսակետների բացահայտմանը: Այն սկսվեց «Կենդանի գրադարան» խորագրով նախաձեռնությամբ, որի նպատակն էր հնարավորություն ընձեռնել ներկաներին ավելի մոտիկից ծանոթանալու ԵՆԿ ՀԿ միջազգային կամավորների հետ, ովքեր տվյալ պահին «վերածվել էին գրքերի»:
Այնուհետև հաջորդեց ֆոտոցուցահանդեսը, որի նպատակն էր նկարների միջոցով ցույց տալ կամավորության ընկալումը հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից:
Միջոցառումը շարունակվեց ֆորում թատրոնով, որի օգնությամբ մի քանի ԵՆԿ ՀԿ անդամներ փորձեցին ներկայացնել կամավորության վերաբերյալ ընդհանուր սխալ ըմբռնումներ, իսկ հանդիսատեսը հանդես գալով որևէ մեկ դերակատարի փոխարեն` փորձում էր իր ձևով լուծում առաջարկել ստեղծված իրավիճակին:
Միջոցառումը եզրափակվեց ներկաների կողմից ամենասպասված` մեկշաբաթյա քվեարկության արդյունքների ամփոփմամբ: Քվեարկությունը հնարավորություն էր տվել կազմակերպության տեղական և միջազգային կամավորներին առաջադրել մի շարք նոմինացիաներում, որոնց հաղթողներն էլ պարգևատրվեցին վկայականներով և հուշանվերներով: