«Երիտասարդների քաղաք» միջանկյալ գնահատման հանդիպում

Մայիսի 25-28-ը Ուկրաինայի Սումի քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի միջանկյալ գնահատման հանդիպումը։ Վերջինիս մասնակցում էին 11 ներկայացուցիչներ Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Խորվաթիայից և Չեխիայից՝ ծրագրի միջնաժամկետ արդյունքները գնահատելու և հետագա գործողությունները մշակելու նպատակով։

Ծրագրի հետագա փուլերում սպասվում է 2 միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր Հայաստանում և Վրաստանում հուլիս և օգոստոս ամիսներին՝ ընդհանուր 50 երիտասարդի մասնակցությամբ, ովքեր ներկայումս մասնակցում են զբոսաշրջության վերաբերյալ քոուչինգների՝ ծրագրում վերապատրաստված երիտասարդական աշխատողների կողմից։

Վերջնարդյունքում երիտասարդները հանդես են գալու սեփական բիզնես գաղափարներով, որոնք կիրականացնեն ի նպաստ իրենց համայնքներում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման։

Ծրագրով նախատեսված մեկ այլ գործողության արդյունքում տեղի կունենա ուսումնական այց դեպի Խորվաթիա՝ բացահայտելու այս երկրում զբոսաշրջության ոլորտը և երիտասարդների ներգրավման հաջողված փորձերը։ Ուսումնական այցին մասնակցելու են յուրաքանչյուր երկրից 4 ներկայացուցիչ երիտասարդության հիմնահարցերով զբաղվող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից։

«Երիտասարդների քաղաք» ծրագիրն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ–ի կողմից՝ ուկրաինական «Եվրոպական նախաձեռնությունների կենտրոն», չեխական «Գլոբ», խորվաթական «ԼԱԳ Վալլիս Կոլապիս» հասարակական կազմակերպությունների և վրացական «Դրոնի» երիտասարդական ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

Հանդիպման ընթացքում պահպանվել են անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները՝ Քովիդ-19 համավարակի կապակցությամբ։