«Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը Գյումրիում 13-ից 18 տարեկան երիտասարդներին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ կյանքի հմտությունների և աշխատանքային մրցունակության կարողունակությունների ուսուցում, անհատական կամ խմբային խորհրդատվություն և ոչ-ֆորմալ կրթություն, որոնք միտված են բարձրացնելու երիտասարդների ինքնագնահատականը, ավելի վստահ տեր կանգնելու իրենց կյանքին ու ավելացնելու ապագայում աշխատանք գտնելու հնարավորությունները:
Կենտրոնը որպես հարթակ ծառայում է նաև թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների համար և համագործակցություն է խթանելու քաղաքացիական հասարակության կառույցների, դպրոցների, երեխաների խնամքի կենտրոնների, սոցիալական ծառայությունների, ոստիկանության, համայնքապետարանի և այլ հաստատությունների միջև՝ ապահովելով հասանելի ծառայությունների լայն շրջանակ:
«Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը գործարկվել է «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: Ծրագրի իրականացմանն աջակցում է Գյումրու համայնքապետարանը:
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ֆինանսավորման նպատակով նախաձեռնվել էր ֆոնդահայթայթման արշավ: Նվիրատուների ցանկը կարող եք գտնել հետևյալ հղումով:
Կենտրոնի մասին ավելին իմանալու համար կարող եք հետևել ֆեյսբուքի և ինստագրամի էջերին: