ԵՆԿ-ի թուրքերենի ակումբը
Թուրքերենի հերթական ակումբն է: Թակում եմ դուռը և ներս մտնում: Մասնակիցներից մեկը կարդում է՝ Սաչ ուզուն, ակլի կիզա, ապա թարգմանում՝ մազն երկար, խելքը՝ կարճ:
-Մեր մեծերն էլ են այդպես ասում,-ավելացնում են մյուսները, ծիծաղում, ապա՝ շարունակում:
Արդեն երկու տարի է, սկսած 2016 թվականից, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում ընթանում է թուրքերեն լեզվի ակումբը: Ակումբավարն ԵՆԿ անդամ Կարապետ Այվազյանն է, ով մի քանի տարի ապրել է Ստամբուլում, իսկ հիմա իր գիտելիքներով կիսվում է ակումբի մասնակիցների հետ: Ասում է՝ ամեն ինչ սկսվել է ԵՆԿ-ի հետ անցկացրած իր արշավից, որտեղ առաջին անգամ ծանոթացել է կազմակերպության հետ, ապա ցանկություն հայտնել անցկացնել թուրքերենի ակումբ:
-Առաջին ակումբիս մասնակիցներն ավելի շատ էին, սկզբնական շրջանում մոտ 38-40 հոգի, հիմա ավելի քիչ են, բայց պետք է խոստովանեմ, որ թիմն ավելի ուժեղ է, և ավելի լավ է սովորում: Դա նաև ինձանից է,- ժպտում է Կարապետը,- հիմա դասավանդելու ավելի մեծ հմտություններ ունեմ: Առաջին ակումբի ժամանակ նոր էի դրանք յուրացնում, իսկ հիմա մոտեցումներս այլ են, դրա համար էլ ակնկալիքներս ու արդյունքները համապատասխանում են, իհարկե, սովորողից էլ է շատ բան կախված,-ավելացնում է նա: Երկրորդ ակումբս երկու ամիս եմ դեռ անցկացրել, բայց մասնակիցներս արդեն կարողանում են գրել, կարդալ, փոքրիկ թարգմանություններ անել, նույնիսկ փորձում են շփվել թուրքերենով: Դեռ գրեթե չորս ամիս ունենք մինչև ակումբի ավարտը, դրա համար էլ այս խմբից սպասելիքներս բավականին շատ են:
Սարգսյան Անուշը թուրքերեն ակումբի մասին իմացել է իր ընկերուհուց: ԵՎ, քանի որ սիրում է տարբեր լեզուներ իմանալ ու սովորել, որոշել է թուրքերեն էլ ուսումնասիրել: Իսկ թե երբևէ կօգտագործի լեզուն, թէ ոչ, կախված է անհրաժեշտությունից, միջավայրից, ամեն դեպքում գիտելիք է:
Իսկ ահա Պետրոսյան Բելլան, ով ամենակրտսեր մասնակիցներից է, թուրքերենն այդքան էլ չի սիրում, բայց սովորելու անհրաժեշտություն տեսնում է: Ասում է՝ լավ է լեզու իմանալը, երբ խոսեն կհասկանաս, կինոներն էլ առանց թարգմանությունների կդիտես, կարևորը հետաքրքրությունն է լեզուների նկատմամբ, ապա ավելացնում՝ ես հայերենն ավելի շատ եմ սիրում:
Հովհաննիսյան Ջուլիետային թուրքերենն արդեն երկար ժամանակ էլ հետաքրքրում էր, ուստի՝ իմանալով ԵՆԿ-ում թուրքերենի նոր ակումբի ընդունելության մասին, որտեղ հնարավորություն ուներ հիմքից սովորելու լեզուն, որոշել է հաճախել:
-Կազմակերպությանը թուրքերենի միջոցով եմ ծանոթացել,-ասում է Ջուլիետան, -շատ եմ հավանել դասընթացը, լեզուն բարդ չէ, մեզ էլ շատ լավ է բացատրվում և ակնկալում եմ, որ մինչև դասընթացի ավարտ ազատ կտնօրինեմ լեզվին, կկարողանամ հասկանալ ու հաղորդակցվել:
Բոլոր մասնակիցներն էլ միաբերան նշում են, որ լեզուն այդքան էլ բարդ չէ, նույնիսկ որոշակի նմանություններ կան, թեպետ տարբերություններն էլ քիչ չեն: Իսկ տատիկ-պապիկներից մեկընդմեջ լսած թուրքերեն բառերն այժմ ավելի լավ են հասկանում:
-Օրինակ՝ օղուլը,- ասում է Վանեցյան Ազատուհին,- մեր պապիկները շատ են օգտագործում այս բառը, այն շատերին ծանոթ կլինի, իսկ թուրքերենից թարգմանած նշանակում է տղա:
Ազատուհին ևս թուրքերենի ակումբի մասնակիցներից է, ում մոտ լեզվի նկատմամբ հետաքրքրություն առաջացրել են հեռուստասերիալները, որոնցում բավականին խորն արտահայտվում են և՛ ազգի մշակույթը, և՛ կենցաղը:
-Հետաքրքրությունս այնքան ուժեղ էր, որ սկսեցի սիրել նրանց լեզուն, գիտեի մի քանի արտահայտություններ, բառակապակցություններ, բայց այժմ ավելի մեծ հնարավորություն ունեմ խորացնելու գիտելիքներս: Առաջին ակումբին չեմ հասցրել մասնակցել, բայց ամեն ինչ արել եմ, որ այս երկրորդ հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնեմ:
Այո՛, թուրքերենի ակումբը ԵՆԿ-ի ստացված նախաձեռնություններից է: