ԲԵԱ ՃԱՆԱՉՈՒՄ

ARMLA_combination

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում»

ծրագիր

Երիտասարդությունը հասարակության զարգացման հիմքն է, և երիտասարդների ներուժի բացահայտման ու կարողությունների զարգացման համար ձեռնարկված միջոցները կարևոր են պատասխանատու, ակտիվ քաղաքացիներ ձևավորելու համար:

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի (այսուհետ՝ ԲԵԱ) ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական և միջազգային փորձի ջատագովության և հանրային քաղաքականությունների բարելավման միջոցով:

Ծրագրի հատուկ նպատակներն են`

  • ուսումնասիրել ԲԵԱ միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները,
  • շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայաստանում ԲԵԱ մոդելի ներդրման անհրաժեշտությունն ու հնարավորությունները,
  • նպաստել Հայաստանում ԲԵԱ զարգացման շուրջ միջսեկտորալ և ՔՀԿ-Կառավարություն-ՏԻՄ համագործակցության ձևավորման,
  • բացահայտել միջազգային ցանցերին անդամակցելու հնարավորություններն ու նպաստել ԲԵԱ տեղական ցանցի ձևավորմանը:

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի իրականացման համար Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (ԵՆԿ) ունի շուրջ 10 տարվա փորձ, բավականաչափ մասնագիտացած ու կարողունակ մարդկային ռեսուրսներ: ԵՆԿ-ն ներգրավված է տեղական և միջազգային ցանցերում, ունի մեծ թվով տեղական և միջազգային գործընկերներ:

2018թ․ ապրիլից՝ Եվրոպական միության և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ և ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի հետ համագործակցությամբ, ԵՆԿ-ն գործարկեց Հայաստանում առաջին բաց երիտասարդական կենտրոնը՝ Գյումրու «Երիտասարդների տունը»: Բացի այդ, 2018թ․ ընթացքում ԵՆԿ-ն սկսել է սերտորեն համագործակցել «Եվրոպայում պրոֆեսիոնալ բաց երիտասարդական աշխատանքի» ասոցիացիայի հետ, որի կողմից կա մեծ հետաքրքրություն և ցանկություն՝ նպաստելու Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացմանն ու ճանաչմանը:

 

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: