Վրեժ Մաճկալյան — 2017թ. «ՏԱՐՎԱ ԵԿԾ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐ»

26694660_1832127870190790_1656434303_nԲավականին տևական ժամանակ ես դիմում էի տարբեր կառույցներին, ինչպես պետական, այնպես էլ հասարակական, երիտասարդական կազմակերպություններին՝ միջազգային ծրագրերի մասնակցության նպատակով, սակայն ինչ-ինչ պատճառներով, երբեմն էլ՝ առանց պատճառի, չէր ստացվում հաղթահարել սահմանված մրցույթային շեմը և… մերժումներ:

Իմ լավ ընկերը՝ Գայանեն, քաջատեղյակ լինելով իմ բոլոր ջանքերի ու փորձերի մասին, ինձ խորհուրդ տվեց դիմել մի կազմակերպության, որը գտնվում էր Գյումրիում: Նա, փաստորեն, ծանոթ էր այդ կազմակերպության առաքելությանը, արդար ու անկողմնակալ աշխատելաոճին և, իհարկե՛, կոլեկտիվին, որն իմ պատկերացրած կոլեկտիվ ասվածը չէր, պարզվեց:

Կազմակերպությունն արդեն իսկ ինձ համար հարազատ դարձած Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն էր:

Հենց այդ ժամանակ, հայտարարված էր Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ծրագրի հայտերի ընդունումը, և ես անմիջապես դիմեցի ծրագրին, գաղափար անգամ չունենալով՝ ի՞նչ է իրենից ներկայացնում EVS-ը, և ի՞նչ կազմակերպություն է Գյումրու ԵՆԿ-ն, ի՞նչ գործունեություն է ծավալում և այլն:

Անցավ որոշ ժամանակ, և ես տեղեկացա, որ հաղթահարել եմ մրցույթային շեմը և պետք է մեկնեմ Հունգարիայի Սեգեդ քաղաք՝ Եվրոպական կամավորական ծառայության:

Սկսվեց կյանքի նոր փուլ՝ որը լի էր աննկարագրելի մոտիվացիայով ու դրայվով:
Նշանակված հանդիպումներն օգնեցին ավելի ու ավելի նորովի ճանաչել Գյումրու ԵՆԿ-ն, որտեղ ինձ համար բացահայտեցի, թե ինչ է նշանակում լինել սեփական աշխատանքին նվիրյալ, իրոք պրոֆեսիոնալ ու սրտացավ՝ յուրաքանչյուր ծրագրի յուրաքանչյուր մասնակիցների հանդեպ: Իսկ ծրագիրներն այնքան շատ են…

YIC-ն ուղղակի հասարակական կազմակերպություն չէ, այլ մի ԸՆՏԱՆԻՔ, որտեղ անպակաս է լիարժեք ուրախությունը, անկեղծ ժպիտն ու ծիծաղը, որն ավելի կատարյալ է դառնում գյումրեցիների կատակներով… սկսեցի սիրել գյումրվա բարբառը և ձեռնարկել առաջին քայլերս սովորելու այդ բարդ «լեզուն» )))

Յուրաքանչյուր այցելություն լի էր ոչ միայն բուն ծրագրի հետ կապված հարցերով, օգնություններով ու խորհուրդներով, այլև անձնապես պատրաստելով եվրոպական մշակույթին, եվրոպացիներին ու իրենց բարքերին: Այդ ամենն արվում էր՝ ելնելով միայն և միայն ԵՆԿ աշխատակիցների սեփական փորձից:

ԵՆԿ շնորհիվ Ֆրանսիայի Մարսել քաղաքում մասնակցեցի նաև “Rethinking-cooperating-sharing” խորագիրը կրող միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին, որի շրջանակներում հնարավորություն ունեցա ծանոթանալ 3 այլ երկրների մշակութային առանձնահատկություններին, պատմության հիշարժան դրվագներին, ավանդական խոհանոցնորին, ազգային երգ — պարերին:

Յուրաքանչյուր անձնակազմում ամենակարևորը մոտիվացված աշխատանքն է, իսկ ԵՆԿ-ում մոտիվացիան սահմաններ չունի…
ԵՆԿ-ի շնորհիվ ես ձեռք բերեցի մի շարք արժեքներ, որ բացահայտում էին ինձ համար, ֆորմալ ու ոչ ֆորմալ գիտելիքներ, լեզվի ու հաղորդակցման հմտություններ, անձնային աճ ու… մոտիվացիա:

Սիրում եմ ԵՆԿ-ին՝ իր խելահեղ ռիթմով:

20624250_1642429192493993_509088286_n  IMG_1929  20293034_1634218989981680_7748535961583990150_n  IMG_1930  IMG_1928